Ապոլոնի կորած բրոնզե արձանը հայտնաբերվել է Գազայի հատվածում (լուսանկարներ)

15:19 • 11.02.14

Հին հունական աստվածներից մեկի՝ Ապոլոնի դարեր շարունակ կորած համարվող բրոնզե արձանը գտնվել է Գազայի հատվածում։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն՝ Reuters-ին հղումով, արձանն անմիջապես առգրավվել է ոստիկանության կողմից ու անհասանելի դարձել տեսախցիկների համար։
 

Տեղացի ձկնորսներից մեկը պատմել է, որ 500 կգ քաշով արձանն ինքն իրականում հայտնաբերել է անցած տարվա օգոստոսին՝ ծովի հատակին։ Սակայն անտեղյակ լինելով դրա իրական արժեքից՝ այն պարզապես տուն է տարել։ Ձկնորսի գտածոյի մասին տեղեկացել է ոստիկանությունը, որն էլ առգրավել է նմուշը։

 

Հնագետները հնարավորություն չեն ունեցել զննել արձանը, սակայն, ոստիկանության հրապարակած լուսանկարները դիտելով, նրանք եզրակացրել են, որ այն առնվազն 2.000 տարվա պատմություն ունի։

 

Մասնագետների կարծիքով՝ արձանն անգին է ու բացառիկ կարևորություն ունի։ Սակայն նրանք չեն հավատում ձկնորսի այն պատմությանը, որ նա արձանը հայտնաբերել է ծովի հատակին։