Մշակույթի փոխնախարարը Օպերայի ստեղծագործական կազմի հետ հանդիպմանը պարզաբանումներ է տվել «կուտակային»–ի մասին
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել պարզաբանումներ:
Հիշեցնենք, որ ստեղծագործական կազմը դժգոհություն էր հայտնել «կուտակային» պահումների կապակցությամբ, ինչի արդյունքում տապալվել էր «Անուշ» օպերայի ներկայացումը։
Ավելի ուշ Օպերայի տնօրենն ասել էր, որ ցույցի ելած աշխատակիցները տեղյակ չեն եղել, որ իրենց աշխատավարձերը բարձրացել են։
Այս կապակցությամբ Մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է. «Նախարարի տեղակալը մեկ անգամ ևս հաստատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի՝ ս. թ. հունվարի 1-ից աշխատավարձերի 20%-ով բարձրացման որոշումը և նշել, որ թատրոնի ֆինանսատնտեսական բաժնի կողմից կատարվող վերահաշվարկի ավարտից հետո ստեղծագործական կազմը կստանա ավելացված աշխատավարձը:
Միևնույն ժամանակ, Ա. Պողոսյանը տեղեկացրել է, որ ս. թ. հուլիսի 1-ից «Հայաստանի Հանրապետության 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն նախատեսվում է մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում: Ա. Պողոսյանը հայտնել է նաև, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական և այլ ծրագրերի այլընտրանքային ֆինանսավորման հարցը կքննարկվի լրացուցիչ:
Հայտնում ենք, որ վերոնշյալ հարցերի վերաբերյալ թատրոնի տնօրինությունը ժամանակին և պատշաճ կերպով իրազեկվել է»:










