«Հայակ-2014»-ը նվիրված է Սերգեյ Փարաջանովին և 3-րդ անգամ կգնահատի հայկական կինոարտադրանքը

13:32 • 11.02.14

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունն արդեն երրորդ անգամ կգնահատի հայկական կինոարտադրանքը։ Մրցանակաբաշխության կազմակերպիչներն արդեն հայտարարել են հայտերի ընդունման մասին, որն սկսվել է փետրվարի 3-ից և կշարունակվի մինչև մարտի 10-ը։


Իսկ արդեն մայիսի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն և լավագույն աշխատանքները և դրանց հեղինակները կարժանան ազգային կինոյի մրցանակին. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի նախագահ Գևորգ Գևորգյանը։


««Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը կարելի է ասել արդեն կայացել է, արժեվորվել հասարակության կողմից, և պետք է կարողանանք այս տարի իսկապես տոն պարգևել առաջին հերթին կինոգործիչներին»,- ասաց նա։


Գևորգ Գևորգյանը նշեց, որ մրցանակաբաշխության մեջ մի քանի փոփոխություններ են արվել, փոխվել է ժամկետը և սահմանվել են երեք նոր հատուկ մրցանակներ։


«Մրցանակաբաշխության գեղարվեստական խորհրդի որոշմամբ «Հայակ-2014»-ը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին, ինչի կապակցությամբ և սահմանվելու է Փարաջանովի անվան «Հայակ» հատուկ մրցանակը»,– ասաց նա։


«Բացի այդ, ևս երկու հատուկ մրցանակներ կսահմանվեն՝ Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ՝ կինոյում ունեցած վաստակի համար և Համո Բեկնազարյանի անվան մրցանակ՝ հայկական կինոյում ունեցած ներդրման համար»,- նշեց նա։


Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի նախագահը նշեց, որ մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2012թ-ի արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն ներկայացվել նախորդ մրցույթին և 2013թ-ի արտադրված բոլոր ֆիլմերը՝ առանց ժանրային սահմանափակումների։


«Սահմանափակում չկա՝ ո՛չ քանակի, ո՛չ էլ ժանրային։ Բացի հեռուստատեսային սերիալներից բոլորը կարող են ներկայացնել իրենց ֆիլմերը, մանկական, անիմացիոն, որոնցից ժյուրին արդեն ընտրություն կկատարի լավագույնների միջև»,- նշեց նա։


Ըստ նրա՝ ֆիլմերը պետք է առնչություն ունենան հայկական կինոարվեստի հետ կամ հեղինակները հայ լինեն, կամ էլ թեման լինի հայկական։ Գևորգ Գևորգյանը հիշեցրեց, որ նախորդ տարի գլխավոր մրցանակին արժանացավ իտալացի ռեժիսորը՝«Փելեշյանի լռությունը» ֆիլմի համար։


«Կանխատեսվում է, որ Հայաստանից կլինեն մոտավորապես 12-14 ֆիլմ, հիմնական մասը կգան դրսից, 5-8–ը՝ միայն Ռուսաստանից, ԱՄՆ-ից կլինի, և Ֆրանսիայից են ցանկություն հայտնել, մյուսների դեպքում դեռ չգիտենք, բայց հայտերի ընդունումը նոր է սկսել, և դեռ ժամանակ ունեն տեղեկանալու մրցանակաբաշխության մասին։ Շատ կլինեն դոկումենտալ ֆիլմերը և արտասահմանյան հայ ռեժիսորների աշխատանքները»,- նշեց Գևորգյանը։


«Հայակ»–ի մրցութային հանձնաժողովը կգլխավորի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։ Մրցանակաբաշխությունը այս տարի նույնպես կունենա 15 անվանակարգ՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարիստ և այլն։


Մրցանակաբաշխության հովանավորներն է շարունակում մնալ «Օրանժ Արմենիա» ընկերությունը, որին ավելացել է նաև «Աֆինա Պալադա» ընկերությունը։


Ի դեպ, Գևորգ Գևորգյանը նշեց, որ ֆիլմերը հաստատվելուց հետո անվճար կցուցադրվեն «Նաիրի» կիոնթատրոնում, որոնց ցանկը կհրապարակվի կայքում։