Մայքլ Ջեքսոնի երկրպագուներին կփոխհատուցեն երգչի մահվամբ պատճառված բարոյական վնասի համար

22:30 • 11.02.14

Ֆրանսիայում Մայքլ Ջեքսոնի երկրպագուները դատարանի որոշմամբ փոխհատուցում կստանան երգչի մահվամբ պատճառված բարոյական վնասի համար: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ Sud-Ouest-ին հղումով, տվյալ որոշումը փետրվարի 11-ին կայացրել է Օռլեանի դատարանը:


Դատավորը հաստատել է, որ Ջեքսոնի չկանխամտածված սպանության մեջ մեղավոր ճանաչված բժիշկ Կոնրադ Մյուրեյը պետք է մեկական եվրո վճարի երգչի 5 երկրպագուներին: Հայցվորների փաստաբանը նշել է, որ սա պատմության մեջ առաջին նախադեպն է, երբ երկրպագուներն իրենց կուռքի մահվան արդյունքում ստացված բարոյական վնասի համար փոխհատուցում են ստանում:


Հայցով դատարան դիմել են Ջեքսոնի 34 երկրպագուներ, սակայն նրանցից փոխհատուցում շնորհել են միայն 5-ին, ովքեր կարողացել են «վկայությունների և բժշկական տեղեկանքների» օգնությամբ ապացուցել վնասի առկայությունը: