Աղմուկ հանած «Նիմֆոմանուհի» ֆիլմը չի ցուցադրվի. այն կարող է հակասական կարծիքներ առաջացնել

13:00 • 12.02.14

«Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը որոշել է հրաժարվել նախապես հայտարարված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի պրեմիերան նախանշված էր փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց:

 

Այս կապակցությամն տարածած հաղորդագրությունում ասվում է, որ որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ:

 

Նշվում է, որ բացվելուց անմիջապես հետո «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» դարձել է «ընտանեկան տարածք» և հաշվի առնելով այդ հանգամանքը` կինոթատրոնը որոշել է խուսափել իրավիճակից, երբ ֆիլմի ցուցադրությունը կարող է հակասական կարծիքներ առաջացնել այցելուների մոտ:

 

«Նիմֆոմանուհի» ֆիլմի պրեմիերայի նախօրոք ամրագրված տոմսերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կինոթատրոնի տոմսարկղերում: