Ջուլյա Ռոբերտսի մահացած քույրը նամակով դերասանուհուն մեղադրել է իր ինքնասպանության համար. ԶԼՄ-ներ
Երեկ հայտնի էր դարձել, որ հոլիվուդյան դերասանուհի Ջուլյա Ռոբերտսի քրոջը` 37-ամյա Նենսի Մոութսին, մահացած են հայտնաբերել իր լոգարանում: Նախնական վարկածով՝ մահը վրա է հասել թմրանյութերի չարաշահման հետևանքով: Իրավապահները չեն բացառում նաև ինքնասպանության վարկածը:
Hello Magazine-ը, վկայակոչելով Ռոբերտսի մերձավոր շրջանակը, գրում է, թե մտերիմների կարծիքով ևս դա ինքնասպանություն է եղել:
Հայտնի է դարձել, որ ոստիկանությունը հայտնաբերել է 5 էջանոց նամակ, որում Նենսին հանրահայտ քրոջը մեղադրում է իրեն ինքնասպանության հասցնելու համար:
Անցած տարի օգոստոսին տված հարցազրույցում Նենսին Ռոբերտսին մեղադրել էր իր ու իր մոր շփմանը խոչընդոտելուն: Հարցազրույցից հետո քույրերի հարաբերությունները լարվել էին: Նենսին հայտնել է, որ Ջուլյան հաճախ է իրեն ծաղրել ծանր քաշի համար. ժամանակին նա կշռել է 136 կգ, իսկ ծաղրից հետո վճռել է հեռացնել ստամոքսը:
Ավելի վաղ Նենսին գրել էր, թե Ջուլյան ուղղակի անպետք մարդ է:
Հայտնի է, որ Ջուլյա Ռոբերտսը մահվան մասին լուրից հետո հետաձգել է իր մասնակցությունը մի շարք միջոցառումների, շոուների:










