«Ուոլ Սթրիթի գայլը» դարձել է Սկորսեզեի՝ վարձույթում ամենաշատ գումար հավաքած ֆիլմը

17:22 • 12.02.14

«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը դարձել է ռեժիսոր Մարտին Սկորսեզեի՝ վարձույթում ամենաշատ գումար հավաքած ֆիլմը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:

 

Ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Լեոնարդո Դի Կապրիոն, էկրան է բարձրացել 2013 թվականի դեկտեմբերին: Այսօրվա դրությամբ՝ ֆիլմն արդեն հասցրել է վաստակել 305 միլիոն ԱՄՆ դոլար 100 միլիոն դոլարի բյուջեի դեպքում: Մինչ այդ վարձույթում Սկորսեզեի ամենաշատ գումար հավաքած ֆիլմը եղել է 2010 թվականի «Անիծվածների կղզին» թրիլերը:

 

Այդ ֆիլմը, որտեղ գլխավոր դերում կրկին հանդես է եկել Դի Կապրիոն, համաշխարհային վարձույթում հավաքել է գրեթե 295 միլիոն դոլար 80 միլիոն բյուջեի դեպքում:

 

«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը հիմնված է նախկին ֆինանսական բրոքեր Ջորդան Բելֆորտի գրքի վրա: 1990-ականների սկզբին նա ֆինանսական ընկերություն է ստեղծել, որի գործունեությունը գրավել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրությունը:

 

Բելֆորտը խարդախության մեղադրանքներով 22 ամիս է անցկացրել բանտում՝ համաձայնելով աջակցել հետաքննությանը: