Հայոց այբուբենը մարդու կողմից ստեղծված չէ, այն ավելի բարձր քաղաքակրթության արդյունք է. հետազոտող
Անհատ հետազոտող Արծվի Ալեքսանյանը գտնում է, որ հայոց այբուբենը մարդու կողմից ստեղծված չէ, այն ավելի բարձր քաղաքակրթության արդյունք է: Եվ Մեսրոպ Մաշտոցը ոչ թե ստեղծել, այլ փրկել է նախաստեղծ այբուբենը կործանումից:
«Մեր լեզվի մեջ մի անբացատրելի մաթեմատիկական կառույց կա: Այբուբենը գիտելիքների շտեմարան է շատ ավելի հարուստ, քան մի մեծ ոսկու հանք: Օրինակ՝ մեր այբուբենում արդեն կա նոտաների թվային ամբողջ պատկերը, այն հրաշագործ փայտիկի հզորություն ունի և միայն ազգային չէ, սա ողջ մարդկության համար է մի կառույց, որն ասելիք ունի»,- այսօր կայացած ասուլիսին ասաց հետազոտողը, ով արդեն 40 տարի զբաղվել է այդ գործով:
Վերջինիս խոսքով՝ հայոց այբուբենը մի կառույց է, որի անգամ մի տառի տեղափոխությունից մեխանիզմը չի աշխատի: «Օրինակ՝ Ր-ն կառուցվածքային առումով կարևոր դեր ունի մեր այբուբենում: Նրա փոփոխություններից մենք ստանում ենք այբուբենի բոլոր տառերը: Բացի այդ, Ր-ից առաջ մեր այբուբենի առաջին տառը դնելով, մենք ստանում ենք Ար աստծո անունը, որի հակառակը եգիպտական Ռա աստվածն է»,- ասաց Արծվի Ալեքսանյանը՝ հավելելով, որ իր բացահայտումներին հավատալու համար այբուբենը նա փորձել է բացել ճշգրիտ գիտությունների միջոցով. «Այբուբենը տեղադրեցի երկրաչափական եռանկյունու մեջ: Տեղավորելով եռանկյունու երեք անկյուններում՝ ես հասկացա, որ անկյուններում հայտնված տառերով կազմվում է ասք բառը, որը նշանակում է ասելիք, որը ռուսերենում՝ «սկազկան» է, անգլերենում՝ «ասկ»՝ հարցնել: Բացի այդ, այբուբենի երկձայները, եռաձայներն ու միաձայները իրար կապելով, ես ստացա եռանկյունաչափության հինգ կարևոր եռանկյունները, իսկ դա պատահական լինել չէր կարող»:
Նրա խոսքով՝ հայոց այբուբենը լավ ուսումնասիրելու և գաղտնազերծելու դեպքում, շատ նորանոր գաղտնիքներ կբացահայտվեն, հասու կլինեն շատ գիտությունների, որոնք առ այսօր բացահայտված չեն:
Լուսանկարը՝ 168.am-ի










