Մարդիկ, ցատկելով կրակի վրայից, հույս ունեն, որ կազատվեն չարից ու հիվանդություններից. ազգագրագետ

20:17 • 13.02.14

Այսօր՝ փետրվարի 13-ի երեկոյան բոլոր այն ընտանիքները, որոնք նորապսակներ ունեն, իրենց բակում Տրնդեզի կամ Տյառնընդառաջի կրակը կվառեն և կցատկեն վրայով, ինչպես հազարամյակներ առաջ վառել ու ցատկել են իրենց նախնինները։ Tert.am-ի հետ զրույցում ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը ներկայացրեց տոնի հեթանոսական և ապա քրիստոնական ձևափոխված տարբերակները և նշեց, որ Տրնդեզի ծիսական մասից հիմնականում պահպանվել է խարույկավառությունը, երբ մարդիկ, ցատկելով կրակի վրայից, հույս ունեն, որ կազատվեն չարից ու հիվանդություններից:

 

Ըստ ազգագրագետի՝ ժողովրդի մեջ տարածված է այն տեսակետը, որ Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում, որ ժամանակն է՝ ձմեռը տեղը զիջի գարնանը: Այլ կերպ ասում են, որ «Տրնդեզը ձմռան մեջքը կոտրում է»։

 

Արմենուհի Ստեփանյանը նշեց, որ տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն, որի ամենատարածված բաղադրիչն է եղել խարույկը, ինչն էլ պահպանվել է մինչ օրս։


«Տոնի անվանումը Տյառնընդառաջ է, ժողովուրդն է Տրնդեզ կոչում, և նշանակում է «գնալ Տիրոջն ընդառաջ»: Ըստ Ղուկասի Ավետարանի, երբ լրանում է Հիսուսի ծննդյան 40 օրը, Մարիամն ու Հովսեփը նրան տանում են Երուսաղեմի տաճար։ Նրանց ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին, ով Աստծուց խնդրել էր այնքան կյանքի տևողություն, մինչև տեսնի Մեսիային, այսինքն՝ Աստծու որդուն»,- քրիստոնեական տոնացույցին համապատասխանեցված մասը ներկայացրեց ազգագրագետը, ով նշեց, թե ժողովրդական տոնակատարությունը տեղի է ունեում 13-ի երեկոյան։

 

Արմենուհի Ստեփանյանը նշեց, որ նախկինում եկեղեցիների բակում մեծ խարույկ էին վառում, և այդ սովորությունը այսօր էլ վերածնվում է։ «Խարույկի համար պահանջվող փայտը կամ այն, ինչով վառում էին, այդ տարի ամուսնացած կամ նշանված տղաներն էին հավաքում համայնքում, որովհետև դա երիտասարդների հետ էր կապված։ Չամուսնացածները կամ չնշանված տղաները չէին մասնակցում։ Այնուհետև եկեղեցու խարույկից վերցնում էին կիսավառ խանձողները և տանում տուն, վառում իրենց տների բակում կամ տան կտուրներին հավաքած դեզը, որը խարույկի էր վերածվում, և կողքից նայողին թվում էր, թե ամբողջ համայնքը կամ գյուղն այրվում է»,-նշեց նա։

 

«Ծիսակատարությունը, որը տեղի է ունենում խարույկի մոտ, առնչվում է կրակի նախնական պաշտանմունքին։ Խարույկը վառում էին նշանված աղջկա պարագայում աղջկա հոր տանը, այդ դեպքում տեսության էին գալիս ամուսնու տան ազգական կանայք, ովքեր նվերներ էին բերում իրենց հետ, նվերներն էլ այսօրվա նվերներից տարբերվում էր, քանի որ արժեքային կողմը չէր կարևորվում, կարող էր լինել մի գլխաշոր, գոգնոց՝ քաղցրավենքի հետ։ Իսկ եթե ամուսնացած էր աղջիկը, արդեն ամուսնու տանն էր լինում»,-նշեց նա։

 

Տրնդեզը, Արմենուհի Ստեփանյանի խոսքով, մեր ժողովրդի մեջ կոչվում էր նաև կրկնահարսանիք։ «Որովհետև եթե մինչև Տրնդեզն ընկած ժամանակահատվածում ամուսնացած զույգեր էին լինում, նրանք նորից հարսանեկան հագուստը հագած, քավորի և քավորկնոջ առաջնորդությամբ պտտում էին խարույկի շուրջը, դա կարևոր մաս էր կազմում, և դրա հետ էին կապում հաջողություն, առողջություն, առատություն, մնացած բոլոր դրական բաները»,-ասաց նա։

 

Ազգագրագետը նշեց, որ հնում խարույկի մոտ էին բերում նույնիսկ անկողնային հիվանդներին՝ հավատալով, որ այն կարող է ապաքինել նրանց։ Խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որպեսզի օջախը հաջողակ լինի, թխսի տակն էին լցնում, որպեսզի ճտերն անվնաս դուրս գան: Խարույկի մոտ էին բերում հավերին, որոնք չէին ածում, կամ կենդանիներին, որոնք սերունդ չէին տալիս՝ հավատալով, որ կրակը կփարատի այդ ցավը, հիվանդությունը կամոքվի։ Չբեր կանայք կրակով խանձում էին իրենց ներքանզգեստի մի հատվածը` ակնկալելով պտղաբերություն: