Սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրվել է գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է նկարիչ Ռաֆայել Մելիքյանին՝ Մեգալին: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:
Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու, ինչպես նաև գեղանկարչության ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նկարչին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ Ռ. Մ եգալը մեծ ճանաչում ունի, ՀՀ վաստակավոր նկարիչ է և աշխարհում ամենացուցադրվող ժամանակակից հայ նկարիչներից մեկը: Նա ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում (Նյու Յորք), Ֆրանսիայում (Փարիզ), Մակեդոնիայում, Կանադայում և մի շարք այլ երկրների լավագույն ցուցասրահներում: Անհատական ցուցահանդես է ներկայացրել աշխարհի ժամանակակից արվեստի կենտրոն համարվող Լոնդոնում:
Ցուցահանդեսներից բացի, Ռ. Մեգալի աշխատանքները պարբերաբար հայտնվում են այնպիսի խոշոր աճուրդային կենտրոններում, ինչպիսին «Քրիսթիսն» է:
Ֆլորենցիայում նրա «Մարութա սարը» մասշտաբային, չափազանց ազդեցիկ ստեղծագործությունը արժանացել է արծաթե մեդալի: Օգտագործելով հայկական խորհրդանիշները՝ նա փորձել է կենդանիների միջոցով ներկայացնել չարի և բարու պատերազմը:
Գարնանը Ռ. Մեգալը կմեկնի Լոս Անջելես, որտեղ մարտի 11-ին կբացվի նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:










