Գերմանիայում ցուցադրել են «իրական» Շեքսպիրին (լուսանկարներ)
Ուիլյամ Շեքսպիրի կյանքի և արվեստի գերմանուհի հետազոտող Հիլդեգարդ Համերշմիդթ Հումելը կարծում է, որ իր ներկայացրած երկու կտավներում պատկերված է անգլիացի դրամատուրգը, գրում է Deutsche Welle-ն։
Մայնցի մայր տաճարին կից թանգարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պրոֆեսորը ներկայացրել է դիմանկարների լուսանկարներ, որոնցում պատկերված է միևնույն մարդը՝ տարբեր տարիքում։
Դիմագծերն ու հիվանդության նախանշանները, որոնցից տառապել է Շեքսպիրը, ըստ գերմանացի գիտնականի, պատկերված են ճշտությամբ։ «Այդ նախանշանները կարող էր իմանալ միայն այն նկարիչը, ով նստած է եղել կենդանի Շեքսպիրի առաջ»,- ընդգծել է Հումելը։
Դեռևս 1995-ին նա վստահեցնում էր, որ ունի ապացույցներ այն մասին, որ դիմանկարներից մեկում իրական Շեքսպիրն է։
Գիտական շրջանակներում չկա միասնակ կարծիք այն մասին, թե ով է Ուիլյամ Շեքսպիրը՝ իրական մարդ, ով իրենից հետո թողել է տարբեր ժանրերի և ոճերի գրական ժառանգություն, կեղծանուն, որի ետևում թաքնված է մեկ այլ մարդ, կամ մի խումբ անհայտ հեղինակներ։
















