Հոլիվուդը կենսագրական ֆիլմ կնկարահանի Թուփաք Շակուրի մասին
Հոլիվուդում պատրաստվում են ամերիկյան հանրահայտ ռեփեր Թուփաք Շակուրի մասին ֆիլմ նկարահանել, որի ռեժիսորն ու սցենարիստը լինելու է Ջոն Սինգլթոնը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։
«Թուփաքն այն մարդն է, ում մասին ես ֆիլմ էի ուզում նկարահանել դեռ այն ժամանակ, երբ նա ողջ էր։ Նրա մահը խոր հետք թողեց իմ աշխարհընկալման վրա, ինչպես նաև ազդեց ամբողջ աշխարհում անթիվ-անհամար մարդկանց վրա։ Նրա պատմությունը շատ կարևոր է մեր սերնդի համար»,-նշել է Սինգլթոնը։
Ռեփեր, դերասան ու հասարակական գործիչ Թուփաք Շակուրը ծնվել է 1971թ. հունիսի 16-ին՝ Հարլեմում։ Նա ճանաչվել է աշխարհում ամենաշատ ալբոմներ վաճառած երգիչը։ Բացի այդ, նա դարձել է առաջին ռեփերը, ում պատվին հուշարձան են կանգնեցրել։
Իր ստեղծագործություններում Թուփաքն անդրադարձել է աղքատության ու ռասիզմի թեմաներին։ Նրա All Eyez on Me ալբոմն 9 անգամ պլատինե է ճանաչվել։
1996թ. սեպտեմբերի 7-ին Թուփաքը հրազենային վնասվածներ է ստացել Լաս Վեգասում՝ սեփական լիմուզինի մեջ նստած, իսկ սեպտեմբերի 13-ին՝ մահացել։










