Օպերայի տնօրենը վստահ է, որ «Անուշ» օպերայի օրինակով է՛լ տապալումներ չեն լինի
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մեկ շաբաթվա մեջ հանդիսատեսին ներկայացնելու է բոլոր այն ներկայացումները, որոնք ծրագրված էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:
««Անուշը» ամսի 24-ին է, իսկ «Տրավիատան»՝ արդեն մի շաբաթվա մեջ»,- ասաց Կամո Հովհաննիսյանը և ի պատասխան հարցի, թե վստահ է, որ արտիստները նորից չեն տապալի, ասաց. «Վստահ եմ, որ չեն տապալի»:
Կամո Հովհաննիսյանը հերքեց այն տեղեկությունը, որ նախօրեին էլ դերասանները տապալել են «Տրավիատան»՝ ասելով, որ «վերափոխվեց, որովհետև փորձեր չէինք արել»:
Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 10-ին թատրոնի աշխատակիցների՝ կուտակային կենսաթոշակի դեմ իրականացրած բողոքի ակցիայի պատՃառով տապալվել էր «Անուշ» օպերայի ներկայացումը: Բողոքի այս քայլից հետո մշակույթի փոխնախարարը, ապա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շտապել էին թատրոն և լսել արտիստներին:
Ի պատասխան հարցի, թե ինչու, եթե փոխնախարարը եկել էր արտիստներին հավաստիացնելու, որ նրանց աշխատավարձերը բարձրանալու են, ապա ինչու էր ավելի ուշ նրանց հետ հանդիպել Հասմիկ Պողոսյանը, Կամո Հովհաննիսյանն ասաց. «Հասմիկ Պողոսյանը թատրոնի կառավարման խորհրդի նախագահն է և ի պաշտոնե ինքը պարտավոր էր գալ, տեղեկանալ, թե ինչ է կատարվում»:
Հիշեցնենք, որ արտիստները, այս ակցիայից հետո մամուլին տված հարցազրույցներում նշել էին, որ կուտակայինի դեմ պայքարը վերջին կաթիլն էր, որը լցրել էր համբերության բաժակը, իսկ, առհասարակ, թատրոնի աշխատակիցները բողոքում են իրենց սոցիալական վիճակից:
Կամո Հովհաննիսյանը բացատրեց, որ իրենց ներքին ռեսուրսների հաշվին 20 տոկոսի չափով բարձրացրել են աշխատակազմի աշխատավարձերը:
«Պետականորեն նվագախմբին օգնություն կար, քանի որ նվագախումբը նվագակցում է նաև բալետին։ Իսկ մնացած կոլեկտիվները՝ երգչախումբ և այլն, մտածեցինք, որ անհավասարություն չլինի, մեր ռեսուրսներից էլ նրանց հատկացումներ անենք»,- ասաց նա:
Նա հավելեց, որ 2014-ի հուլիսի 1-ից էլ, արդեն պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի բարձրացման շրջանակներում, աշխատավարձերը կբարձրանան 50 տոկոսով։










