Լեզուն հայրենիք է, մինչդեռ քաղքենիությունն է այսօր հաղթում. քննարկում
Հայ Յեղափոխական Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Լեզուն հայրենիք է. պետություն և լեզվաքաղաքականություն» խորագրով, որին հրավիրվել էին ոչ միայն գրականագետներ, այլ նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր նկատեցին, թե այսօր քաղքենիությունը հաղթում է։
Գրականագետ Դավիթ Գյուրջինյանը բարձրաձայնեց դպրոցում hայոց լեզվի՝ կրթության և դաստիրակության դերի մասին և հայտարարեց, կարծես թե պետությունն այս գործում շահագրգիռ չէ։ «Պետությունը հովանավորում է հեռուստատեսությամբ օտարալեզու հաղորդումներին և հասարակական պահանջ չկա դադարեցնելու, կամ էլ համոզիչ չէ այդ պահանջը»,-նշեց նա։
Գրականագետը շեշտեց, որ բոլոր հարցերի հիմքը դպրոցն է, և ամեն հարց սկսվում է և ավարտվում է այնտեղ։ Նա նշեց, թե դասագրքերում ու ուսումնական գործընթացի մասին փաստաթղթերում ամեն ինչ լավ է գրված, բայց դպրոց տանում են այն, ինչ ունեն տասնամյակներ շարունակ՝ չոր քերականություն։ «12 տարի սովորելուց հետո հայախոս շրջանավարտի մոտ տեսնում ենք տխուր վիճակ. չեն կարողանում ազատորեն շարադրել գրավոր և բանավոր իրենց մտքերը։ Պատճառը դասավանդման մեջ է և այն միջոցների, որոնք տալիս են ուսուցիչներին»,-նշեց նա։
Գյուրջինյանի համար գոհացուցիչ չեն նաև դասագրքերը։ «Այս ոլորտում տխուր վիճակ ունենք։ Երբ կրթության պաշտոնյային ասում ես՝ ինչ պետք է անի ուսուցիչն այս դասագրքով, ասում է՝ ավելի լավ գրքեր էլ կան, դրանից կօգտվի, այն դեպքում, երբ հովանավորում է վատ գիրքը»,-նշեց նա և առաջարկեց, որ անհրաժեշտ է ամբողջությամբ հրաժարվել դասագրքերի հովանավորչության մրցավազքից։
Գրականագետը նկատել է՝ ուսուցիչներ կան, որոնք մտնում են դպրոց՝ անտեղյակ, անզեն։ Նա քննադատության ենթարկեց նաև ընդունելության միասնական քննությունները, որակելով դա արատավոր։
Արվեստաբանության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանին հուզում էր հրապարակային խոսքը։ «Ժարգոնն այսօր հաղթում է»,-հայտարարեց նա և դրանում մեղավորությունը տեսավ հեռուստատեսությունից հնչող խոսքին։
«Ամեն օր մեր տներում լսում ենք հեռուստացույցի ձայնը. խոսում են այնպես ինչպես ուզում են, լսում ենք արհեստական շեշտերով մի կեղծ լեզու, որը կապ չունի հայերենի հետ։ Այսօր շատ հեշտ է միկրոֆոնի մոտ հայտնվել, լուրջ հսկողություն է պետք։ Երբեք ոչ մի պայմանով, եթերից չպետք է «ա» օժանդակ բայով խոսել։ Կամ «սենց», «տենց», «նենց» խոսելը այլանդակում է խոսքը»,-նշեց նա։
Հենրիկ Հովհաննիսյանը նկատեց՝ փոխվել է հասարակության վարքագիծն ու կեցվածքը։ «Ինչպես խոսում են, այդպես էլ քայլում են։ Գեղեցիկ խոսք ունեցողը սկսել է օտար լինել, եթե բոլորս միասին չպահենք, ոչ մի որոշում, օրենք չի օգնի»,-նշեց նա։
Ինչ վերաբերվում է օտարալեզու դպրոց բացելու իշխանությունների որոշմանը, ապա Հենրիկ Հովհաննիսյանը նշեց. «Չկարողացանք հաղթել և այդ հարցում քաղքենիությունը հաղթեց։ Մարդիկ որոշել են, թե օտար լեզվի կրթությամբ են բարեկիրթ լինում»,-հեգնեց նա։
Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի համար հատկապես զարմանալի է այն, որ լեզվի այդպիսի քաղաքականությունը տարվում է մի ժողովրդի մեջ, որն ունի հազարամյա պատմություն և հոգևոր անկախության փորձ։
«Այն հարցը, որ օտարալեզու դպրոցների հարցը բարձրաձայնվեց անկախ երկրում, դա արդեն իսկ ցույց տվեց, որ մենք լեզվական հարցը պատանդ ենք դնում տնտեսականին»,-նշեց նա։
Ըստ Չուգասզյանի՝ զիջելը այս իշխանությունների ողջ քաղաքականությունն է. «Ունեցանք մի վարչակազմ, որ խորթացել է իր ժողովրդից, որը սակարկելի է համարվում հոգևոր անկախությունը»:










