Միքելանջելոյի «Դավիթն» էլ այդ մարդկանց վրա նման տպավորություն կարող է թողնել. Զավեն Բոյաջյանը՝«Նիմֆոմանուհու» արձագանքների մասին
Պոռնոգրաֆիան առանձին ժանր է, որը խաղարկային, գեղարվեստական կինոյի հետ որևէ առնչություն չունի. հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմը չի կարելի համարել այդպիսին: Անդրադառնալով ֆիլմին և ֆիլմի հայաստանյան արձագանքին՝ նման կարծիք հայտնեց այսօր կինոգետ Զավեն Բոյաջյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի Facebook-յան ասուլիսի ժամանակ:
«Մի կողմ թողնենք այն, որ Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմը գեղարվեստական կինոյի նմուշ է, բայց պոռնոգրաֆիան ունի պրագմատիկ և շահույթ հետապնդող նպատակներ: Այսինքն՝ սյուժեի, պատումի կառուցման, ռեժիսորական աշխատանքի, դերասանական կատարումների մասին խոսելը աբսուրդ է, որովհետև պոռնոգրաֆիայի միակ նպատակն է՝ ցուցադրել սեռական ակտը տարբեր դրսևորումներով, սեքսի զանազան ձևեր և դրանով հանդիսականի մոտ սեքսուալ գրգիռներ առաջացնել: Մինչդեռ գեղարվեստական կինոն, եթե անգամ բաց տեսարաններ ունի, իսկ նման ֆիլմեր շատ կան, անգամ «հարթ» էրոտիկայով ներծծված ֆիլմեր կան, բայց դրանք չի կարելի համարել պոռնոգրաֆիա»,-ասաց Զավեն Բոյաջյանը:
Նա ընդգծեց, որ Լարս ֆոն Թրիերի այլ ֆիլմերում ևս կան չափազանց բաց տեսարաններ, բայց դրանք չի կարելի համարել պոռնոգրաֆիա, և այդ ասոցացումը կարող է տեղի ունենալ այն մարդու գլխում, որը հստակ չի կարողանում տարբերակել պոռնոգրաֆիան արվեստից:
«Բայց, ներեցեք, այդ պարագայում Միքելանջելոյի «Դավիթն» էլ այդ մարդու վրա կարող է նման տպավորություն թողնել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմը Հայաստանում պետք է ցուցադրվեր «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը, սակայն վերջինս երկու օր առաջ հայտարարեց, որ հրաժարվել է ցուցադրությունից՝ պատճառաբանելով, որ որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ: Նշվում է նաև, որ բացվելուց անմիջապես հետո «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» դարձել է «ընտանեկան տարածք» և հաշվի առնելով այդ հանգամանքը` կինոթատրոնը որոշել է խուսափել իրավիճակից, երբ ֆիլմի ցուցադրությունը կարող է հակասական կարծիքներ առաջացնել այցելուների մոտ:
Զավեն Բոյաջյանը վերը նշված պատճառաբանությունները անհիմն համարեց և նշեց, որ նշանակում է՝ այստեղ գործ ունենք ինքնակամ գրաքննիչների հետ:
«Այդ ամենից կարելի է եզրակացնել, որ կինոթատրոնի տնօրինությունն այնպիսի մարդիկ են ներկայացնում, որոնք չգիտեն՝ ինչով են զբաղված, այսինքն՝ դիլետանտ, սիրողական մոտեցում ունեն: Իսկ եթե կինոթատրոնը ընտանեկան տարածք է, թող ի սկզբանե այդպես էլ անվանվեր ու ցուցադրեր միայն ընտանեկան ֆիլմեր: Բայց ցանկալի չէ, որ Հայաստանի սուղ պայմաններում ինչ-որ կինոթատրոն դառնա ընտանեկան տարածք: Կինոթատրոնը կարող էր հաշվի առնել բոլոր կինոսիրահարների նախասիրությունները՝ համապատասխան ֆիլմեր ցուցադրել տարբեր կինոսրահներում»,-ասաց նա և միաժամանակ ընդգծեց, որ կինոթատրոնը տնտեսվարող սուբյեկտ է և անհասկանալի է այն պահվածքը, որ գումար է ծախսում, գնում ցուցադրելու իրավունք, իսկ հետո հրաժարվում գումար վաստակելու հնարավորությունից:
«Նշանակում է ճնշումը մեծ է եղել, հնարավոր է՝ վերևներից և հասույթից հրաժարվել է, միայն թե բավարարի մարդկանց դժգոհությունները»,-ասաց նա:










