«Զվարթնոցի» մակետի ապահովագրության համար գումար վճարած թուրքական ընկերությունը մտահոգ է օրիգինալի համար
Ստամբուլում տարբեր երկրների պոստմոդեռնիստական շինությունների ցուցահանդեսին մասնակցած «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի մանրակերտը, որը ապահովագրված է եղել թուրքական ընկերության կողմից, ճանապարհին վնասվել է. ընկերությունը փոխհատուցել է գումարը:
Սակայն, երբ համացանցում լուրեր են տարածվել, որ շենքը քանդման վտանգի ներքո է, թուրք ապահովագրողը զանգահարել է էքսպոնատը Թուրքիա տեղափոխած արվեստաբան Ռուբեն Արևշատյանին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արվեստաբանը հայտարարեց.«Ստամբուլից գալիս է մի մտահոգված հարցում, թե հիմա արդեն վտանգված է օրիգինալը, իսկ մենք մանրակերտն էինք փրկում»: Արվեստաբանը սա համարեց պարադոքս ու զավեշտալի իրավիճակ:
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ տարվա նիստին քննարկվեց «Զվարթնոցի» կոնցեսիոների «մաստեր պլանը», որը հաստատվեց Կառավարության կողմից: Այնուհանդերձ, սրան զուգահետ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց , թե հասարակական լայն զանգվածների կողմից եղել են լուրջ բողոքներ և չի կարելի մոդեռնիզմի կարևորագույն այդ կառույցը քանդել:
Նա առաջարկեց թե՛ կոնցեսիոներին, թե՛ ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությանը մասնագիտական շրջանակներում քննարկել այդ հարցը, նաև իր կողմից առաջարկ արեց, որ թե հնարավոր է այդ տարածքում կազմակերպել այգի կամ թանգարան, որտեղ կարելի է տեղակայել մակետներ:
Ճարտարապետ Զոհրաբ Բաուերն այս կապակցությամբ ասաց, որ մշակութային խզումները մեր հանրային գիտակցության մեջ այնքան են հաստատվել, որ մարդիկ կարող են մտածել, որ կարելի է փոխարինել օրիգինալ կառույցը նրա պատճենով:
«Էդ գաղափարը առաջին անգամ չէ. հին Երևանի տարածքում կրկնվում է նույն ծրագիրը, նույն պրիմիտիվ մոտեցումը, որ կարելի քանդել մի ամբողջ պատմական շերտ և դրանից ինչ-որ հատվածաբար բաներ տեղադրել»,-ասաց ճարտարապետը:
Նա հավելեց, որ վարչապետի հայտարարությամբ տեսնում «որոշ ականջներ»:
.jpg)
Հիշեցնենք, որ «Զվարթնոցի» կլոր շենքը մինչև ՀՀ անկախությունը ներառված էր Հայաստանի պատմական հուշարձանների ցանկում, սակայն հետո, հատկապես այս քանդման ծրագրերից հետո հայտնի դարձավ, որ այն դուրս է մնացել ցանկից:
Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ, փաստարկելով, թե այդ կառույցը ինչու պետք է չքանդվի, ուղղակի նշեց. «Քաղաքաշինությունը պատմություն է, որը չի կարելի ոտնատակ անել, թե սա ցուցակի մեջ մտած է, սա ՝ոչ: Եվ յուրաքանչյուր ժամանակահատված պետք է արտացոլված լինի պատմության համար»: Նա հավելեց, որ հայկական շատ քիչ կառույցներ են, որ դուրս են եկել Հայաստանի սահմաններից, և դրանից մեկը «Զվարթնոցի» կլոր շենքն է:
Ճարտարապետն այս առնչությամբ հիշեց ֆիլմից մի հատված, երբ մարդիկ որոշում են հանել Խոջա Նասրեդինի՝ ավանակի վրա նստած արձանը: Երբ պարանը գցում են ու քաշում, այնպես է ստացվում, որ Նասրեդինը ընկնում է գետնին, իսկ ավանակը՝ մնում պատվանդանին:
Ըստ ճարտարապետի՝ ասվածի խորհուրդն այն է, որ ավանակը մնում է պատվանդանի վրա, իսկ պատմության մեջ հետք թողած մարդը գետնին է տապալվում:










