Նատալի Պորտմանին մեղադրում են Երուսաղեմ «ներխուժելու» համար
Հոլիվուդյան դերասանուհի Նատալի Պորտմանը որպես իր ռեժիսորական դեբյուտի համար վայր, բնականաբար, պատահական չի ընտրել Երուսաղեմը։ Ֆիլմի գործողությունները, ըստ սցենարի, ընթանում են հենց այդ հնագույն քաղաքում, գրում է «Комсомольская правда»-ն։
Պրոֆեսիոնալ հաջողությունները և այն երկրի աջակցությունը, որտեղ նա ծնվել է, Նատալի Պորտմանին դարձրել են ամենասիրելի հոլիվուդյան աստղերից մեկն Իսրայելում։ Սակայն ոչ բոլորն են ուրախ, որ դերասանուհին այժմ պատրաստվում է ֆիլմ նկարահանել Երուսաղեմում։
Երուսաղեմի քաղաքապետարան է ստացվել Նախլաոտ կենտրոնական թաղամասի բնակիչների նամակը։ Միաժամանակ փողոցներում հայտնվել են բազմաթիվ գրաֆիտիներ, որոնք մեղադրում են քաղաքային իշխանություններին նկարահանումների թույլտվության համար։
Ուլտրաուղղափառ հրեաները, ինչպես հայտնի է, ապրում են շատ փակ կյանքով։ Նրանց տներում, օրինակ, չկան հեռուստացույցներ և աշխարհիկ գրքեր, իսկ իգական սեռի հյուրերին նախապես զգուշացնում են որքան հնարավոր է համեստ հագնվել։ Տղամարդկանց մեծամասնությունը սովորում է ճեմարաններում և աշխատում են ոչ լրիվ աշխատանքային օր։ Հավանաբար, այդ պատճառով է, որ նրանք փողոցային նկարահանումներին վերաբերվել են որպես «օտարերկրյա ներխուժման»։
Բնակիչները, մասնավորապես, բողոքում են, որ իրենց նախապես չեն տեղեկացրել նկարահանումների մասին, որոնք պետք է անցկացվեն փողոցներում՝ սինագոգից և ճեմարանից ոչ հեռու, և որոշակի քաոս կառաջացնեն իրենց հանգիստ կյանքում։ Բացի այդ, նրանք պահանջում են, որպեսզի իրենց ծանոթացնեն ֆիլմի սցենարին՝ վիրավորական տեսարաններից և արտահայտություններից խուսափելու համար։










