Հայ հասարակությունը գնում է մանկական էժան գրքեր ու հետաքրքրվում՝ քողարկված էրոտիկ գրականությամբ. հրատարակիչ
Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Այս օրն արդեն մի քանի տարի է Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին երեք տարիներին հայ հանրության շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: Նա նշեց, որ հիմնականում մարդիկ հետաքրքված են մանկական և քողարկված էրոտիկ գրականությամբ:
«Հիմա մարդիկ հասկանում են, որ երեխան պարտադիր պետք է գիրք ունենա: Ծնողների մի մասն առնում է փոքրիկ ու համեմատաբար էժան գիրք. հոգեպես պատրաստ չեն գրքի վրա գումար ծախսել: Շատ ծնողներ ասում են՝ գիրքը թանկ է, բայց որ հարցնում ես՝ ինչից է թանկ, ինքն իր հարցից սկսում է ամաչել: Էժան ասելով ես ամենևին բովանդակությունը նկատի չունեմ, բայց եթե դու բովանդակության վրա ծախսել ես շատ գումար՝ օգտվել ես լավ խմբագրի, մանկավարժի, սրբագրիչի աշխատանքից, ավտոմատ գինը բարձրանում է»,- ասաց նա:
Անդրադառնալով հասարակության շրջանում հետաքրքրություն ունեցող էրոտիզմ պարունակող գրքերին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ինքը հաճախ է լսում գրախանութներում, որ մարդիկ մոտենում են աշխատողին ու խնդրում նման գիրք:
«Ամեն մեկն իրեն չի թույլ տալիս այդ բառն արտասանել, իսկ գրքի միայն կազմից չես կարող իմանալ, թե այդտեղ ինչ կա: Մյուս կողմից՝ մարդիկ չեն ցանկանում, որ կազմից կամ վերնագրից հասկանալի լինի, որ գիրքը էրոտիզմ է պարունակում: Ենթադրենք երիտասարդ կին է, ունի ընտանիք, գիրքը տանում է տուն ու հենց վերնագրից երևում է, որ գիրքը էրոտիզմ է պարունակում, խնդիր է, որ երեխան կարող է տեսնել, ամուսինը ճիշտ չընկալի, նույնը տղամարդուն է վերաբերում: Մենք կաշկանդված ենք այս ոլորտում: Մեր հասարակությանը այսօր հետաքրքրում է քողարկված էրոտիկ գրականություն, որտեղ ոչ մի բաց բառ գրած չի լինի, բայց միտքը կլինի այդպիսին»,- ասաց նա:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ հայ հասարակությանը նաև հետաքրքրում է դետեկտիվը, բայց հիմնականում ռուսական, քանի որ ընդհանուր գրականության ընկալման լեզուն մեզանում շարունակում է մնալ ռուսերենը:
«Սկսել ենք աուդիոգրքեր առաջարկել, հատկապես այն հանրությանը, որոնք դժվարանում են հայերեն կարդալ, բայց բանավոր հրաշալի տիրապետում են լեզվին»,- ասաց նա:
Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ պետք է արվի, որպեսզի հասարակության շրջանում և հատկապես երեխաների մոտ բարձրացվի գրքի նկատմամբ հետաքրքրությունը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ պետք է ներշնչել այն գաղափարը, որ գիրքն ավելի գրավիչ է դարձնում մարդուն կամ աշխարհիկ լեզվով ասած՝ սեքսուալ:
«Ինչո՞ւ ֆուտբոլը պետք է խրախուսվի տարբեր բուքմեյքերների կողմից, իսկ ընթերցանությունը՝ ոչ: Ես համոզված եմ, որ գիրք կարդալը մոդայիկ է, որ գրավիչ է կամ սեքսուալ, որովհետև գրքով կինը շատ ավելի գրավիչ է, քան երկու 2 կգ-անոց տոմատի բանկայով կինը, կամ սոխի տոպրակով կինը: Նույն կերպ էլ գիրք կարդացող տղամարդը ավելի գրավիչ է: Կիրթ կնոջ կամ տղամարդու միջոցով մարդը իր ժառանգների շարունակությունն է տեսնում…Գիտելիքը կարող է լինել գրավչության առարկա և գիրք կարդալը սեքսուալ է»,- ասաց նա:
Միաժամանակ հրատարակիչը նշեց, որ մարդկանց վրա բացասական ազդեցություն է ունենում այն, որ առավոտից երեկո տարբեր պետական ատյաններից լսում են, որ «գիրքը, գիտելիքը մեռնող ժանր է»:










