Գրքի սիրահարներին այսօր «Բուկինիստ» գրախանութում անակնկալներ են սպասվում

12:02 • 19.02.14

Գիրքը լավագույն նվերն է: Այս կարգախոսը որդեգրած Գրողների միությունը` մշակույթի նախարարության և քաղաքապետարանի աջակցությամբ, արդեն 6 տարի է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, հռչակել է գիրք նվիրելու օր:

 


«Լավագույն նվերը գիրքն է» կարգախոսը որդեգրած «Բուկինիստ» գրախանութը հավատարիմ մնալով կարգախոսին, որոշել է գիրք նվիրել բոլոր հաճախորդներին:

 


«Բուկինիստ» գրախանութի գովազդային բաժնի մենեջեր Անի Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ փետրվարի 19-ն այն եզակի օրերից է, երբ «Բուկինիստում» ասեղ գցելու տեղ չի լինում: «Անցած տարի սպասվածից ավելի հաճախորդներ եղան, ստիպված եղանք լրացուցիչ գրքեր նվեր մատուցել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս թե՛ մարզերի, թե՛ Երևանի գործող գրադարաններին իրենք գրքեր են ուղարկել: «Դա անում ենք ոչ միայն գիրք նվիրելու օրը»,- ասաց Անի Ղազարյանը:

 


Նշենք, որ «Բուկինիստ» գրախանութի դիմաց այսօր գրքախաղ տեղի կունենա, անցորդներին գրականությունից հարցեր կտրվեն: Հաղթողները նշված տեսականուց իրենց համար կարող են գիրք-նվեր ընտրել:

 


«Ընդհանուր առմամբ, գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ընթերցասերներին բաժանվելու են 1000-ից ավելի գրքեր: Բոլոր գնորդները որպես նվեր են ստանալու նաև կուտակային զեղչի քարտ (որոնք սովորաբար տրվում են 10.000 դրամ և ավելի գնում կատարելիս) »,-տեղեկացրեց «Բուկինիստի» գովազդային բաժնի մենեջերը:

 


Տեղեկացանք, որ ամենավաճառվող գրքերը մանկական գրքերն են՝ Հովհաննես Թումանյանի, Գրիմ եղբայրների և Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները: Ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունները ևս գնում են:

 


Գեղարվեստական գրականությունից ավելի շատ Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործություններն են վաճառվում:

 


Ժամանակակից հայ գրողներից լուսահոգի Լևոն Խեչոյանի ստեղծագործություններն են շատ վաճառվում: Մահվանից հետո սկսել են ավելի շատ կարդալ նրա ստեղծագործությունները:

 


Ի դեպ, Անի Ղազարյանն ասաց, թե քանի որ «Բուկինիստը» Հայաստանում ամենամեծ ներկրողն է Անգլիայից, ՌԴ-ից և ԱՊՀ այլ երկրներից, իրենց մոտ ավելի շատ ռուսերեն գրքեր են վաճառվում: «Գիրք նվիրելու կուլտուրան մեզանում զարգանում է»,- ասաց Անի Ղազարյանը:

 


«Նոյյան տապան» գրախանութի գրքերի բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանն ասաց, որ այս օրը, մյուս օրերի համեմատ, իրենց գրախանութում ակտիվություն է նկատվում: Այստեղ ևս մանկական գրքերն են ավելի շատ վաճառվում: «Նոյյան տապանում» ակցիաներ չեն նախատեսվում, բայց իրենք միշտ էլ զեղչեր անում են հաճախորդներին: