Մենք պետք է արժանապատվությունը հետ բերենք, ու դա պետք է անենք գրքի միջոցով. Դավիթ Գասպարյան
Ազգային արժանապատվությո՞ւն, թե՞ ազգային հիասթափություն: Այս խոսքերով սկսեց գրականագետ Դավիթ Գասպարյանը հրավիրված մամուլի ասուլիսը, որը նվիրված էր գիրք նվիրելու օրվան: «Մենք պետք է արժանապատվությունը հետ բերենք: Եվ դա պետք է անենք գրքի միջոցով»,- ասաց գրականագետը:
«Հիմա այս օրը գիրք նվիրելու օրն է: Բայց ո՞ւմ գիրք նվիրես: Արդյո՞ք այն օգտագործվելու է, թե՞ ուղղակի մի կողմ է դրվելու»,- հարցադրում արեց Դավիթ Գասպարյանը՝ շարունակելով, թե տարիներ առաջ մարդիկ գրախանութի ապակիներն էին կոտրում գիրք ձեռք բերելու համար. «Այն ժամանակ ընտանեկան գրադարան ունենալը կարևոր բան էր: Հիմա կյանքը փոխել է ամեն ինչ: Կարճ ժամանակ առաջ մարդիկ ուղղակի ազատվում էին իրենց գրքերից»:
Այդուհանդերձ, Դավիթ Գասպարյանն ընդգծեց, թե ինչ էլ լինի, ինչ փոփոխություններ էլ տեղի ունենան, միևնույն է, գիրքը մարդկության ստեղծած ամենամեծ արժեքն է:
«Այսօր ոչ թե գրողի պակաս ունենք, այլ որակյալ գրողների նկատմամբ ուշադրության պակաս կա: Դժբախտաբար, Լևոն Անանյանը գրողների միությունը լցրեց շատ-շատ մարդկանցով, ովքեր ուղղակի մի գրվածք ունեին և մի անգամ էլ անցնում էին այդ շենքի կողքով, դառնում էին ԳՄ անդամ»,-ասաց Դավիթ Գասպարյանը, շարունակելով, թե գրողներ շատ կան, գլխաքանակը մեծ է, պարզապես պետք է նրանցից կարողանան ընտրել արժանիներին և համապատասխան ուշադրություն դարձնեն:
Ի դեպ, նախատեսված էր, որ ասուլիսին պետք է մասնակցեր նաև գրող Մերուժան Տեր-Գուլանյանը, սակայն նա այդպես էլ չեկավ:










