Թումանյանը գնահատվում է առաջին հերթին իր ժողովրդական մտածողության և ժողովրդական տարերքի համար. գրականագետ

20:30 • 19.02.14

Հովհաննես Թումանյանի նկատմամբ բազմաթիվ ոտնձգություններ են եղել, բայց բոլորը անցել, գնացել են, իսկ ինքը մնացել է: Գրականագետ Դավիթ Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում այսպես բնորոշեց «Ամենայն հայոց բանաստեղծի» ապրած կյանքն ու ստեղծագործությունները:

 

Այսօր լրանում է մեծ բանաստեղծի 145-ամյակը, որի փառքը, ըստ գրականագետի, գնահատվեց իր ապրած ժամանակներից սկսած, նա դարձավ ազգային մեծագույն հանճար:

 

«Թումանյանը գնահատվում է առաջին հերթին իր ժողովրդական մտածողության և ժողովրդական տարերքի համար: Նա գալիս է ժողովրդի ընդերքից, հայոց պատմությունից, հայոց բանահյուսությունից, հայոց լեզվի խորքերից: Այդ ամենը կարողանում էր վերարտադրել որպես հայոց բնաշխարհի, հայ մարդ: Թումանյան կարդալիս հայ մարդը հարազատության զգացողություն է ունենում, երբեք խորթության, օտարության զգացում չի ունենում: Դա է պատճառը, որ տարիներ շարունակ հայ մարդը կրթվում է Թումանյանի ստեղծագործություններով»,-ասաց Դավիթ Գասպարյանը:

 

Գրականագետն ընդգծեց, որ Թումանյան կարդում են մանուկներն ու տարեցները, և որ ամենակարևորն է, ամեն անգամ կարդալից մարդ մի նոր գանձ, մի նոր արժեք է հայտնաբերում:

 

«Թումանյանի կարևորությունը ոչ միայն բանաստեղծությունների ու պոեմների մեջ է, այլ նաև հոդվածների, որոնք մեկը մյուսից փառահեղ են, մեկը մյուսից խելոք՝ ժողովրդի, ազգաբանության, մշակութաբանության հարցերին նվիրած: Թումանյանին պետք է բացահայտել նաև նրա հոդվածներով»,-ասաց նա:

 

Դավիթ Գասպարյանը նշեց, որ Թումանյանը ամենալավ ուսումնասիրված հայ գրողներից մեկն է, ինչի մեջ իր մեծ ներդրումն ունի գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը:

 

«Տպագրվել է Թումանյանի 10-հատորյակը, որի առաջին հատորները ժամանակին լույս տեսան 70 հազ. տպաքանակով, անգամ ուզում էինք հասցնել 100 հազ.-ի: Բայց կյանքը փոխվեց, վերջին հատորները տպագրվեցին 500 օրինակով, որոնք չէին սպառվում: Այսօր մեր ժողովրդի մեջ պետք է արթնացնենք ընթերցանության սերը և հատկապես մեծերի հանդեպ»,-ասաց նա և ընդգծեց, որ յուրաքանչյուր դասական գրող կարիք ունի մշտապես նորոգվելու, որպեսզի գալիք սերունդը կապը չկորցնի անցյալի հետ: