Սուրբ Կիրակոսի հրաշքը. Դիարբեքիրի հայերը վերադառնում են իրենց արմատներին

13:19 • 19.02.14

Երկարատև քնից արթնանալով՝ 2011թ.-ին վերածնված Սուրբ Կիրակոսը՝ Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին, դարձյալ կախարդեց «Գյավուրի թաղամասն ու Դիարբեքիրի փողոցները»:

 

«Ակօս» թերթն անդրադարձել է Սուրբ Կիրակոսի վերածննդին: Թերթում եկեղեցուն նվիրված հրապարակումներից մեկի հեղինակը Փելին Այըքն է, ում հոդվածն էլ ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

«Սուրբ Կիրակոսի վերածննդից ու «մեր շարքերը վերադառնալուց» զարմացանք թե՛ մենք, թե՛ ինքը՝ եկեղեցին: Ի՞նչ եղած կլիներ մինչ այժմ, կմոռացվեր ու կկորչե՞ր, թե՞ տեր կկանգնեինք նրան: Այդ հարցը բոլորիս է հետաքրքրում:

 

Այստեղ գնդակ եմ խաղացել


Զարմացած աչքերով Սուրբ Կիրակոսի դուռն է եկել: Ամաչելով ցանկանում է ներս մտնել: «Չեմ հավատում, ուրեմն իրոք այստեղ եկեղեցի կա՞ր»,-ասում է դիարբեքիրցի երիտասարդը: Շրջում է ներսում, նայում նկարներին: «Երբ ավերակ էր, ես այստեղ գնդակ էի խաղում»,-ասում է նա ու զարմացած հայացքն ուղղում զանգակատանը: Արդյոք ի՞նչ է մտածում…

 

Ծեր մի կին՝ գավազանով, մոտենում է Սուրբ Կիրակոսի դռանը: Նրա ձեռքը բռնած զարմիկը ժպտում է: «Ստամբուլից բերեցի նրան: Մահվանից առաջ տեսնել էր ուզում»,-ասում է նա ցածրաձայն:

 

Ներս մտնելուց հետո մի քանի վայրկյան շունչը պահում է. «Սա իմ եկեղեցին էր: Այն ավերակն ինչպե՞ս է այսպիսին դարձել: Սա հրաշք է»,-ասում է ծեր կինն ու արտասվում:

 

Խոսում է պատերի հետ, կարոտն առնում մանկությունից, հիշում կյանքից հեռացածներին: Կարծես մանկությունից մնացած մի հին լուսանկար է նայում, և հոսում են ուրախության ու հուզմունքի արցունքները:

 

Դիարբեքիրում ապրած ամեն մարդու կյանքում Սուրբ Կիրակոսից մնացած մի հուշ կա:

 

Այստեղ այցելելով մարդիկ, գրեթե բոլորը, զգում են Սուրբ Կիրակոսի շունչը: Ամեն մարդու հետ իր լեզվով խոսել կարողացող մի եկեղեցի է Սուրբ Կիրակոսը:

 

Նպատակն արդարացել է

Բացման օրից ի վեր այցելուների թիվն օրեցօր աճում է, և սեղաններ են տեղադրվել՝ թեյ խմելու ու հանգստանալու համար: Երբ մենք էլ տեղավորվեցինք այդ նստարաններին, չգիտեինք, թե ինչ անակնկալների կարող ենք հանդիպել:

 

Չէինք կարող գուշակել, որ մեր հետքը չկորցնելու, ապրեցնելու նպատակով վերակառուցած եկեղեցին կարող է գերազանցել նպատակը:

 

Սկզբում ամաչելով եկեղեցի մտնողների արմատների մի մասն է իրականում Սուրբ Կիրակոսը: Դա այդ նստարաններին նստողների խոսակցություններից ենք հասկանում: «Իմ տատը հայ է եղել», «Իրականում մենք հայ ենք, սակայն այստեղի պայմանների պատճառով թաքցնում ենք դա», «Դժվարությամբ մեր տոհմածառը վերականգնեցի. պապիկիս հայրը հայ է: Մկրտվելու համար ի՞նչ է անհրաժեշտ». նման խոսակցություններն ավելի ու ավելի հաճախ են լսվում այս պարտեզում:

 

Վեր հառնել մոխիրներից

 

Դիարբեքիրի Սուրի շրջանի քաղաքապետարանի ջանքերով 7-65 տարեկան 30 արմատներով հայ մասնակցեց հայոց լեզվի դասերին:

 

Ներքին կարգով ամեն ամիս իրականացվող հավաքներն աստիճանաբար ընդլայնվեցին և տեղափոխվեցին եկեղեցի: Կիրակի օրերին հաճախ հավաքվում են այստեղ ու նախաճաշում:

 

Վերջին նախաճաշին 110 մարդ է մասնակցել: Նրանք բոլորը հայկական արմատներ ունեն: «Զգում եմ, որ այստեղին եմ պատկանում», «լավ է, որ եկեղեցին վերակառուցվեց, ինձ մոխրից վեր հառնածի նման եմ զգում», «անձնագրումս մուսուլման է գրված, սակայն ազգային զգացումներս ամբողջությամբ հայի են»՝ ասում են նրանք:

 

100 տարի ավերված եկեղեցին այսքան կարճ ժամանակահատվածում վերականգնելն անհավանական է թվում: Սուրբ Կիրակոսը կրոնից, ազգային ինքնությունից առանց իրենց կամքի հեռացած այս մարդկանց համար նոր դուռ է բացել, և շարունակությունն ամեն անցնող օր ավելի է երևում»: