Ճապոնիայում 123 տարի անց հասանելի են ռուս կայսեր վրա իրականացված հարձակման գործի նյութերը
Ճապոնական Օցու քաղաքի պատմության թանգարանը լայն հանրության համար բացել է Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ 2-րդի վրա հարձակման վերաբերյալ դատական գործընթացի նյութերը. հարձակումը կատարվել է, երբ վերջինս Ճապոնիա է այցելել որպես գահաժառանգ, գրում է pravda.ru-ն։
1891թ. ապրիլի 21-ին ոստիկան Սանձո Ցուդան, ով կանգնած է եղել գահաժառանգի այցի կապակցությամբ շրջափակման մեջ, հանկարծակի հարձակվել է Նիկոլայի վրա և թրով մի քանի անգամ հարվածել նրա գլխին։ Հարձակվողին անմիջապես բռնել են, և ռուս գահաժառանգը չի հասցրել լուրջ վնասվածքներ ստանալ։ Նրանից ներողություն է խնդրել անձամբ Մուցուհիտո կայսրը։
Ցուդան հարցաքննության ժամանակ և դատարանում հրաժարվել է պատասխանել հարցերին։ Հարձակման միակ պատճառը նա նշել է այն, որ հյուրն անհրաժեշտ հարգանքի տուրք չի մատուցել սամուրայների ապստամբություններից մեկի հերոսներին նվիրված հուշարձանին։ Ոստիկանը դատապարտվել է ցմահ բանտարկության և մահացել բանտում։










