Մուրակամին կփոխի իր նովելում գործողությունների վայրը՝ բնակիչների խնդրանքով

14:09 • 20.02.14

Ճապոնական Հոկայդո կղզու Նակատոնբեցու գյուղի վարչակազմը հայտնել է, որ բավարարված է հայտնի գրող Հարուկի Մուրակամիի որոշումից՝ փոխել գործողության վայրն իր վերջին նովելում, գրում է РИА Новости-ն։

 

1900 բնակիչ ունեցող գյուղի ներկայացուցիչները բողոքել են Մուրակամիի «Վարիր իմ մեքենան» նովելում գյուղի անվանումն օգտագործելու դեմ՝ համարելով դա վիրավորական բնակիչների համար։ Մասնավորապես, դժգոհության պատճառ է դարձել մեքենայի պատուհանից ծխախոտ նետելու մասին արտահայտությունը՝ «Հավանաբար, Նակատոնբեցուում բոլորն այդպես են անում»։

 

Նովելի գլխավոր հերոսը դերասան է, ով ճանապարհորդում է Նակատոնբեցու գյուղից 24-ամյա աղջիկ վարորդի հետ և պատմում է նրան իր կյանքի պատմությունը և հարաբերությունները մահացած կնոջ հետ։ Նովելն առաջին անգամ հրապարակվել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ ամսագրում։

 

Գյուղի ներկայացուցիչները դիմել են հրատարակչությանը և հեղինակին՝ նշելով, որ գյուղի 90%-ն անտառներ են, և նման նկարագրությունները չեն համապատասխանում իրականությանը։

 

Բնակիչներին անհանգստացրել է այն փաստը, որ հայտնի հեղինակի ստեղծագործությունը կարող է բնակավայրի մասին սխալ կարծիք ստեղծել ամբողջ աշխարհի ընթերցողների մոտ։

 

Մուրակամին նշել է, որ սիրում է Հոկայդոն։ Նա խոստացել է, որ հրատարակման դեպքում գյուղի անվանումը կփոխվի։