Տոկիոյում զանգվածաբար պատռել են Աննա Ֆրանկի հարյուրավոր գրքեր
Ճապոնիայի գրադարանների ասոցիացիայի ներկայացուցիչները հայտնել են, որ մայրաքաղաք Տոկիոյի տարբեր գրադարաններում ծագումով հրեա Աննա Ֆրանկի հանրահայտ «Երիտասարդ աղջկա օրագիրը» գրքի 250 օրինակ դեռևս անհայտ պատճառներով պատռվել է։
Ինչպես նշում է Japan Daily Post-ը, ասոցիացիայի խոսնակ Սաեկո Նիշիմուրան ասել է, որ Հոլոքոստի մասին գրքի էջերի զանգվածային պատռումն արդեն շարունակվում է 2 ամիս, և ակնհայտ է, որ «ընթերցողները» դա միտումնավոր են անում։ Նա նաև հավելել է, որ գործով այժմ զբաղվում է ոստիկանությունը, որի կարծիքով՝ սա կոնկրետ ինչ-որ խմբի ձեռքի գործն է։
Ֆրանկի գիրքը մեծ տարածում ունի Ճապոնիայում և անգամ ներառված է դպրոցների ուսումնական ծրագրում։
Աննա Ֆրանկի հուշերի հիման վրա գրված ստեղծագործությունը համարվում է Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, որում նա նկարագրում է, թե ինչպես է իր ընտանիքի հետ 2 տարի շարունակ թաքնվել նացիստներից։ Վերջիվերջո նացիստները նրանց բռնել են ու տեղափոխել համակենտրոնացման ճամբար, որտեղ աղջիկը մահացել է տիֆից։










