Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը մեկնարկել է «Ամառը փետրվարին» ֆիլմով
«Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի է ունեցել Բրիտանական ֆիլմերի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, այս մասին տեղեկացնում է Բրիտանական խորհրդի մամուլի ծառայությունը։
Բացման արարողությունը հաջորդել է «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը հիմնված է Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին վեպի վրա:
Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է հասարակությունում առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին: Ինչպես բացման արարողությանն է նշել ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, Հայաստանը նշանակալից առաջընթաց է գրանցել հաշմանդամություն ունեցող երեխաների համար ներառական միջավայր ստեղծելու հարցում, այսուհանդերձ դեռևս բարելավելու շատ բան կա:
Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի բոլոր երեխաներն՝ անկախ իրենց կարողություններից հավասար հնարավորություն ունենան ստանալու կրթություն և օգտվելու համայնքահեն և ընտանեհեն ծառայություններից:
Փառատոնի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության շրջանակներում կներկայացվեն ֆիլմեր և սոցիալական հոլովակներ, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին և հասարակության մեջ ներառման գործընթացում առկա խոչընդոտներին:
Փառատոնի ընթացքում Երևանում և մարզերում կցուցադրվի ինը ֆիլմ `«Ամառը փետրվարին», «Վտանգի մեջ գտնվողներին», «Պարզամիտ Ջիմը», «Ինչպես եմ հիմա ապրում», «Ձայն կորստից հետո», «Եսասեր հսկան», «Քառյակ», «Ես շնչում եմ» և «Մետրո Մանիլա»: Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 22-ից մարտի 5-ը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում:
Փետրվարի 28-ին ողջ օրը Սինեմա Սթար կինոթատրոնի սրահներից մեկում կցուցադրվեն փառատոնի ֆիլմերը: Մարտի 5-ին նախատեսվում է հատուկ ծրագիր Նաիրի կինոթատրոնում։ Գորիսում, Գյումրիում և Գավառում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:










