ՌԴ մշակույթի նախարարությունը հարցականի տակ է դրել «Օկեան Էլզի» խմբի ռուսաստանյան համերգային շրջագայությունները
Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը հարցականի տակ է դրել երկրում ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի համերգային շրջագայությունները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Interfax.ru-ին, որն էլ վկայակոչում է նախարարության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրի:
Աղբյուրի տվյալներով՝ խմբի մոտ «ֆինանսական և տեխնիկական բնույթի հակասություններ են առաջացել Ռուսաստանում շրջագայությունների կազմակերպիչների հետ»:
Ընդ որում՝ խմբի մենեջեր Վիկտորյա Խոմենկոն հայտարարել է, որ «Օկեան Էլզի»-ն կազմակերպիչների հետ ոչ մի հակասություններ չունի:
Ավելի վաղ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիրի Մեդինսկուն է դիմել Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավոր Վիտալի Միլոնովը, որը պահանջել է չեղյալ հայտարարել «Օկեան Էլզի»-ի համերգները Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում:
Սվյատոսլավ Վակարչուկն ու նրա «Օկեան Էլզի» խումբն Ուկրաինայում իշխանափոխության ակտիվ աջակիցներից են: Վակարչուկը ներառված է «Եվրամայդանի» ազգային վստահության խորհրդում:










