Ինկերի ժամանակաշրջանի մումիան ծեսի ընթացքում սպանված կին է. գիտնականներ (լուսանկար)
1890-ականներին Հարավային Աֆրիկա կատարած ուղևորության ժամանակ Թերեզա Բավարացի արքայադուստրը 2 մումիա է գնում, որոնցից մեկը կորցնում են, իսկ երկրորդը հասցնում մինչև Մյունխենում Բավարիայի պետական հնագիտական հավաքածու, որտեղ էլ այն մնում է ավելի քան 1 դար, գրում է Вести-ն։
«Պատերազմի տարիներին գնդակոծությունների պատճառով փաստաթղթերն ամբողջությամբ կորել են։ Մեր աշխատանքները սկսելու պահին շատ քիչ բան էր հայտնի»,- պատմում է հետազոտության առաջատար հեղինակ Անդրեաս Ներլիխը։
Գիտնականը և նրա գործընկերները համակարգչային տոմոգրաֆիա են իրականացրել։ Արտաքինից գանգը բավականին նորմալ է, սակայն ուշադիր զննելու դեպքում պարզվել է, որ ճակատի ոսկորները ամբողջությամբ կոտրված են եղել։
«Հավանաբար, մահից անմիջապես առաջ կինը սուր գործիքով մի քանի ուժգին հարված է ստացել գանգին։ Գանգի ոսկորների փշուրները հարվածից հետո ընկել են ուղեղի մեջ, որտեղ էլ մնացել են մինչ օրս»,- ասում է Ներլիխը։
Մարմինը շատ լավ է պահպանվել, քանի որ կինը թաղված է եղել Ատակամա անապատի ավազներում։ Կարճ ժամանակում ավազը և քամին կնոջ մարմնից դուրս են բերել բոլոր հեղուկները, և այդպիսով՝ դադարեցրել են քայքայումը։
Բազմաթիվ ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել, որ կինը պատկանել է ինկերի քաղաքակրթությանը։ Պարզել են նաև կնոջ տարիքը՝ նա ապրել է մոտավորապես 1451 և 1642 թթ. միջակայքում՝ ինկերի մշակույթի ծաղկման շրջանում։
Վերլուծությունները ցույց են տվել նաև, որ կինն ապրել է ծովից ոչ հեռու Պերուի կամ Չիլիի տարածքում, շատ ծովամթերքներ է օգտագործել և մահացել է ընդամենը 20-25 տարեկանում։ Հետաքրքրական է, որ կինն իր մահվան պահին առողջ չի եղել։
Գիտնականները կարծում են, որ կնոջը միգուցե ընտրել են որպես զոհ ծիսական սպանության համար, քանի որ նա արդեն իսկ հիվանդ է եղել։ Գիտնականների այս և այլ եզրակացությունների մասին գրված է PLoS One ամսագրում։












