«Օսկար» կինոմրցանակաբաշխությունը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում

17:11 • 28.02.14

Առաջին ալիքի եթերում մարտի 2-ի լույս 3-ին՝ ժամը 04:00–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:


Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժինը, այն կմեկնաբանեն սիրված հաղորդավարներ Աննա Ավանեսյանը և Ավետ Բարսեղյանը:


Հանրային հեռուստաընկերությունը «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական հեռարձակողն է և իր հեռուստադիտողներին կներկայացնի ինչպես բուն մրցանակաբաշխությունը, այնպես էլ կարմիր գորգի արարողությունը:


«Օսկար»-ը, որն այս տարի կվարի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում։


Մինչ մրցանակաբաշխության ցուցադրությունը, Առաջին ալիքը յուրաքանչյուր ուրբաթ օր՝ ժամը 23:30-ին, ցուցադրել է օսկարակիր ֆիլմեր՝ «Միլիոնատերը հետնախորշից», «Արտիստը», «Թարգմանության դժվարություններ», «Գեյշայի հուշերը»:


Առաջին ալիքը Ձեզ հաճելի դիտում է մաղթում: