«Ոչ մի տեղ՝ աքսորի մի պատմություն». Բաքվի հայության դեմ ոճրագործությունների մասին գրքի շնորհանդես՝ Նյու Յորքում

01:13 • 01.03.14

Նյու Յորքի ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում փետրվարի 27-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո կայացել է Աննա Աստվածատուրյան-Թըրքոթթի գրքի շնորհանդեսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


«Ոչ մի տեղ՝ աքսորի մի պատմություն» վերնագրով գրքում արտացոլված է հեղինակի անձնական պատմությունն ու հուշերը` Բաքվի հայության դեմ իրականացված ոճրագործությունների վերաբերյալ: Որպես դեռահաս աղջիկ Աննան ականատես է լինում ողբերգության սարսափելի իրադարձությունների, իր ընտանիքի հետ միասին մազապուրծ փախչում Ադրբեջանից, դառնում փախստական և ստիպված լինում ԱՄՆ-ում ամեն ինչ սկսել նորից: Հեղինակը պատմում է վերապրածների ու համայն հայության վրա այդ ոճրագործությունների պատճառած ծանր հետևանքների մասին:


ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, բարձր գնահատելով հեղինակի յուրօրինակ աշխատությունը և կարևորելով ԱՄՆ հասարակական կարծիքի իրազեկմանն ուղղված հեղինակի շարունակական ջանքերը` դեսպանը նշել է, որ ամենամյա ոգեկոչման արարողություններն առիթներ են հանդիսանում ի մի բերելու համահայկական ներուժն ու կարողությունները` Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» և կեղծ քարոզչության դեմ արդյունավետ ու նպատակաուղղված պայքար տանելու համար:


Միջոցառմանը ներկա են եղել համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ամերիկահայ երիտասարդներ և օտարերկրացիներ: