Մարտի 2-ը Բուն Բարեկենդանի օրն է. դա հին հայկական կառնավալն էր. ազգագրագետն ու քահանան՝ տոնի մասին
Մինչ 20-րդ դարի սկիզբը Բարեկենդանն ամբողջ Հայաստանում նշում էին գրեթե նույն ձևով. այն սկսվում էր տոնախմբություններով, ուրախություններով, բազմատեսակ ուտեստներ պատրաստելով. այս մասին Tert.am—ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը։
«Դա հայկական կառնավալն էր, որին հիմա ծանոթ ենք մեքսիկական, բրազիլական տարբերակով. մարդիկ միանում, տներից դուրս էին գալիս, ամբողջ թաղամասերով, գյուղերով բռնկվում էին այդ տոնախմբությամբ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետը, նշելով, թե Բարեկենդանի ժամանակ ընդունելի էին հասարակական խախտումները (օրինակ՝ հարս և սկեսուր հարաբերություններում կարող էին կատակներ հնչել):
Արմենուհի Ստեփանյանի խոսքով՝ ուրախություններն այն ժամանակ դհոլ-զուռնայով էին ուղեկցվում, լարախաղացներ էին մասնակցում, դիմակավորված խաղեր էին լինում:
«Ամեն ինչ արվում էր զվարճանալու համար: Ուտելիքը շատ առատ էր լինում, Բարեկենդանի տոնակատարության հաջորդ օրվանից սկսում էր մեծ պահքը»,-հաղորդեց ազգագրագետը՝ ավելացնելով, որ, սովորաբար, Բարեկենդանը երկու շաբաթ է տևում. եկեղեցին բուն Բարեկենդանը համարում է միայն կիրակի օրը:
«Ժամանակին կուսակրոնները ևս դուրս էին գալիս և մասնակցում Բարեկենդանի տոնակատարությանը, և այդ կատակն ու ծաղրը նույնիսկ եկեղեցու պատերի ներսում էր լինում: Ընդունված կարգերի դեմ հոգու խորքում կուտակված դժգոհությունն այդ ձևով էր դուրս գալիս»,-ասաց Արմենուհի Ստեփանյանը:
Ըստ ազգագրագետի, հատուկ ուտեստ չկար Բարեկենդանի համար, առատ էր լինում միայն գաթան:
«Քանի որ Բարեկենդանը տևում էր 14 օր, ամեն օր ուտեստեղենն ավելանում և հասնում էր մինչև 14 տեսակի: Պետք է դրանք չպակասեին, պակասելու դեպքում էլ կրկին ավելացվում էր: Այսինքն, դա բուն կառնավալն էր, որ արտասահմանում այդպես ճոխ նշվում է, և մերոնք էլ ուզում են ընդօրինակել, բայց դրա փոխարեն մենք ունեցել ենք հենց մերը: Բարեկենդան նշանակում է և՛ բարիք, և՛ կենդանություն, այսինքն այն, ինչ կապված էր կյանքի, ողջության և հաջողության հետ»,-փոխանցեց ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը:
Տեր Շահե քահանան էլ ասաց, թե խորհրդային շրջանում է Բարեկենդանի տոնը ժողովրդից սովորություններից դուրս եկել, բայց մինչ այդ ազգագրական հանդեսներում, նկարագրություններում, օրինակ՝ «Վերք Հայաստանի» վեպում, կարող ենք տեսնել, թե բուն Բարեկենդանն ինչքան մեծ է եղել Հայաստանի տարբեր գավառներում:
«Բարեկենդան տոնը խորհրդանշում է դրախտը, երբ Ադամն ու Եվան դրախտի փափկության մեջ վայելում էին իրենց երանելի կյանքը»,-ասաց տեր Շահենը՝ ավելացնելով, որ նախքան Մեծի պահոց շրջանը, այսօր խնջույքների, ուրախության, տոնախմբությունների օր է, և այսօր հայ առաքելական եկեղեցում շատ մեծ տոնախմբություններ են լինում:
Ըստ տեր Շահեի՝ ներման, խնջույքի, ուրախության, թողության օր է եղել բուն Բարեկենդանը: «Հայ քրիստոնյան պետք է ուրախությամբ նշի այս տոնը, գնա ժամերգության, մասնակցի պատարագին, որից հետո իր ընտանիքի հետ կիսի ուրախությունները»,-ավելացրեց քահանան:










