Մեծ Պահքը, քաղաքական գործիչները և հոգևոր հոր խորհուրդները

23:47 • 03.03.14

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Զաքարիա վարդապետը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Մեծ Պահքի մասին ասաց, թե այն կարևոր շրջան է յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր կյանքում:


«Այն 48-օրյա ճանապարհորդություն է, որը սկսվում է մեր նախածնողների դրախտային կյանքով, մարդու անկմամբ և վերջանում մահվան դեմ Քրիստոսի հաղթանակով՝ Ս. Հարության լուսավոր տոնով»,-ասաց վարդապետը` նշելով, որ պահեցողության նպատակն է հրաժարվել մեղքից և վատ սովորություններից, տկարացնել մարմինը և զորացնել հոգին: Ըստ նրա, Մեծ Պահքը հրաշալի առիթ է ինքնաքննության, ապաշխարության, զղջման և աղոթքի:


Իսկ որքանով են քաղաքական գործիչները հետևում քրիստոնեական այս կարգին, Tert.am-ը փորձեց ճշտել նրանցից:


Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Կարեն Ավագյանն ասաց, թե Մեծ Պահքի շրջանը շատերը կապում են սննդի, ստամոքսի հետ, բայց իրականում այս պահքն ավելի շատ հոգևոր է, և ամեն մարդ ինքն է որոշում, թե այդ 48 օրերի ընթացքում ինչպես է ապրելու, ինքնամաքրվելու:


Պատգամավորն ասաց, որ թե՛ սննդի, թե՛ հոգևոր առումով փորձելու է պահել պահքը, թեև ավելացրեց, որ քանի որ ինքը քաղաքականության մեջ է, ապա դժվար է լինելու այն հոգևոր մասով պահելը:


Նույն խմբակցության անդամ Կարինե Աճեմյանն էլ ասաց, թե քանի որ ինքը քչակեր է, ուտում է թեթև՝ հատկապես բանջարեղենային սնունդ, այդ պատճառով էլ սննդային մասով Մեծ Պահքին չի հետևում:


«Պահքը հոգեբանական առումով ծանրաբեռնվածություն է պահանջում, իսկ այս պայմաններում, երբ քաղաքականության մեջ եմ, անընդհատ լարված եմ, դժվար է հեռանալ աշխատանքից և նվիրվել դրան: Իմ կարծիքով՝ դա շատ լավ երևույթ է, հատկապես եթե իրականում ոչ թե դիետա, այլ՝ պահք են պահում»,-ասաց Կարինե Աճեմյանը:


Պատգամավոր Էդմոն Մարուքյանի պատասխանը հետևյալն էր. «Ես հետևում եմ այնքանով, որքանով կկարողանամ հետևել... փորձում եմ այդ օրերի ընթացքում ինչ-որ կերպ սահմանափակել այն, ինչ պահքի շրջանում պետք է պահպանենք»:


Իսկ Սուրբ Էջմիածնի միաբան Զաքարիա վարդապետն ասաց, որ եկեղեցու Հայրերն ու վարդապետներն այս շրջանում խորհուրդ են տալիս առավել հաճախակի Սուրբ Գիրք ընթերցել, սրբերի վարքեր, հոգեշահ գրականություն և միշտ աղոթել: Պահեցողությունը չի կարելի ի ցույց մարդկանց անել, այն ձևական մի բան չէ, այլ խորը հոգևոր և գիտակից ապրում, որի վերջնական նպատակն է Աստծո հետ առավել սերտ հարաբերության հաստատումը՝ շաղախված աղոթքով, ողորմությամբ, ուրիշների հանդեպ ներողամտությամբ:


«Մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտե իր մեղքերն ու մոլությունները, որոնք խանգարում են մեզ՝ Աստված-մարդ հարաբերության համար»,-նշեց հայր Զաքարիան՝ հավելելով, որ ուտելիքի պահքից առավել՝ այն զանազան մոլություններից հրաժարվելու, ձերբազատվելու առիթ է. օրինակ՝ «ամբողջ օրը համացանցում ես՝ կտրվիր այս օրերին վիրտուալ աշխարհից, բարիք գործիր, օգնիր կարիքավորին ու տկարին, հայհոյում ես՝ բերանդ մաքուր պահիր, ծխում ես՝ թող այն», և այսպես շարունակ:


«Մի խոսքով՝ Մեծ Պահքը մերժումն է մեղքի և զորացումը Տիրոջով: Այս է պահքի բուն նպատակը, մնացած ամեն ինչ երկրորդական է: Եթե պահքի մեջ չկա հոգևոր նպատակը, ապա ընդունայն է նման պահեցողությունը: Ուրախալի է արձանագրել, որ վերջին շրջանում շատերն են պահք պահում կամ փորձում պահք պահել: Շատ հստակ պետք է գիտակցել, որ պահեցողությունը նիհարելու, ավելորդ քաշից ազատվելու կամ դիետայի համար չեն պահում, այլ հոգևոր կյանքը զորացնելու, հավատքի մեջ առավել ամրանալու: Ի՞նչ իմաստ ունի կենդանական կերակրից քո հրաժարվելը, եթե դու հայհոյում ես և շարունակում մեղավոր քո կյանքը: Ուստի Եկեղեցին մշտապես հորդորում է՝ հեռու մնա մեղքից և մոտեցիր Տիրոջը»,-եզրափակեց հայր Զաքարիան: