Christie's աճուրդի տանը մեղադրել են կեղծ աշխատանքներ վաճառելու համար
Ամերիկացի հայտնի նկարիչ Ժան Միշել Բասկիայի քույրերը դատական հայց են ներկայացրել Christie's աճուրդի տան դեմ՝ վստահեցնելով, որ այնտեղ վաճառքի են հանվում կեղծված նմուշներ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Բասկիայի աշխատանքներն առցանց աճուրդում վաճառքի է հանել նկարչի նախկին ընկերուհին։ 1979-1980թթ. Բասկիան նկարել է նրա բնակարանի պատերի, դռների, սառնարանի վրա։ Բացի այդ, կնոջ մոտ պահպանվել են նկարչի բանաստեղծությունները և նրան պատկանող այլ իրեր։
Նկարչի հարազատները վստահեցնում են, որ Christie's-ը բնօրինակը հաստատելու համար փորձաքննության է ուղարկել վաճառքի հանված 40 նմուշներից միայն 7-ը։
Նյու Յորքի դատարան ներկայացված հայցում նշվում է, որ աճուրդի տունը կանխամտածված չի ուղարկել որոշ աշխատանքներ փորձաքննության՝ իմանալով, որ դրանք չեն պատկանում Բասկիայի վրձնին։
Դատական փաստաթղթերում վստահեցվում է նաև, որ Christie's-ն առանց թույլտվության իր կատալոգում տեղադրել է Բասկիայի աշխատանքների կրկնօրինակները։ Նկարչի քույրերը 1 մլն դոլար փոխհատուցում են պահանջում։
Աճուրդի տանը մեկնաբանություններից հրաժարվել են։










