«Օսկարի» արժանացած ֆիլմի ստեղծողները «թշնամիներ» են
«Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում ոչ մի սկանդալ տեղի չի ունեցել, սակայն տհաճ պահեր, այնուամենայնիվ, եղել են։ Ինչպես պարզվել է, «Ստրկության 12 տարիներ» հաղթանակած ֆիլմի ռեժիսոր Սթիվ Մաքքուինը և սցենարիստ Ջոն Ռիդլին վաղուց գտնվում են «սառը պատերազմային» վիճակում, գրում է Обозреватель-ը։
Նրանք վիճել են անմիջապես սցենարի գրվելուց հետո։ Նրանց հարաբերությունների պատմությունը հետևյալն է. Մաքքուինի կինն իմանում է Սոլոմոն Նորտափի հուշագրությունների մասին, ցույց տալիս ամուսնուն և առաջարկում էկրանավորել։ Մաքքուինը հաճույքով սկսում է գաղափարի իրականացումը և խնդրում Ջոն Ռիդլիին սցենար գրել։ Աշխատանքի ավարտից հետո Մաքքուինն իր ուղղումներն է անում սցենարում և ցանկանում, որ իր անունը նույնպես գրվի «սցենարիստ» աղյուսակում, ինչը Ռիդլին կտրականապես մերժում է։
Ֆիլմի արտադրությամբ զբաղվող Fox Searchlight ստուդիան պաշտպանում է Ռիդլիին։ Այդ ժամանակ իրավիճակին է փորձում խառնվել նաև Բրեդ Փիթը, ով ֆիլմի պրոդյուսերներից մեկն է, սակայն ոչինչ չի ստացվում։
Արդյունքում Մաքքուինը և Ռիդլին դադարում են միմյանց հետ շփվել և բոլոր պաշտոնական միջոցառումներին փորձում հեռու մնալ իրարից։










