Նիկոլայ Ծատուրյանն այլևս Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը չէ. նա նշանակվել է գեղարվեստական խորհրդական
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը օրեր առաջ հրաժարվել է իր զբաղեցրած պաշտոնից: Այսուհետ նա թատրոնում աշխատելու է որպես գեղարվեստական խորհրդատու: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Նիկոլայ Ծատուրյանը և ավելացրեց, որ նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել իր օգնական, բեմադրիչ ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:
«Ես բազմիցս ասել եմ, որ ինձ միշտ մտահոգում է վաղվա օրը, ոչ թե այսօրվա: Ոչ մի սենսացիոն բան չկա: Մարդը հոժարակամ հրաժարվում է իր պաշտոնից ու զիջում տեղը երիտասարդին: 33 տարեկան բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանին հանձնում եմ թատրոնը շատ լավ վիճակում, ոչ թե՝ փլուզված: Սա էլ երկրորդ սենսացիան: Ես պետք է օգնեմ ինձ համար շատ սիրելի ու գնահատելի թատրոնի ստեղծագործական հարցերը կարգավորելու, ինչպես նաև երիտասարդ բեմադրիչին սատար կանգնելու համար, որ իր գործունեությունը ճիշտ վարի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք հարցը կապված չէ՞ վերջին շրջանում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ ունեցած լարված հարաբերությունների հետ, Նիկոլայ Ծատուրյանը բացառեց. «Ես անընդհատ մտածում եմ վաղվա օրվա մասին և երբ տեսա, որ Լյուդվիգ Հարությունյանը իսկապես հասունացավ, վերջերս էլ շատ լավ ներկայացում էր արել՝ «Առնետները» և տեսանք, որ այս մարդը արդեն կարող է գլխավորել թատրոնը, մանավանդ որ նա գյումրեցի է, իսկ դա շատ կարևոր փաստ է»։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Նիկոլայ Ծատուրյանը քննադատել էր աշխարհիկ ու հոգևոր իշխանություններին՝ կաթողիկոսին համարելով սատանա: Ըստ համացանցում տարածված լուրերի՝ այս հանգամանքը զայրացրել է կաթողիկոսին, և նա որոշել է Հասմիկ Պողոսյանի միջոցով պատժել ռեժիսորին։ Նիկոլայ Ծատուրյանը հայտնել էր, որ մշակույթի նախարարը իր մոտ է հրավիրել իրեն, սակայն երբ գնացել է այդ հանդիպմանը, նախարարը հրաժարվել է ընդունել։










