ՄՆ-ն պետք է սահմանի «Չի կարելի»-ների ցանկ, թե ինչ չի կարելի անել մշակութային ոլորտում. ճարտարապետ

13:50 • 06.03.14

Եթե Մշակույթի նախարարությունն իրոք Մշակույթի նախարարություն է, ապա պետք է սահմանի «Չի կարելի»-ների ցանկ. ինչ չի կարելի անել մշակութային ոլորտում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Աշոտ Ղուլյանը՝ հայտարարելով, թե կարող է բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպիսի սիրողական վերաբերմունք կա մեր բազմաթիվ հուշարձանների նկատմամբ:


«Չի կարելի օրինակ՝ Հառիճավանքում, Զաքարեի պատկերաքանդակի մեջ ագուցել է ինչ-որ սիրողական վարպետի կատարած Մարիամի սրբապատկեր՝ մարմարի վրա: Ես այն կարծիքին չեմ, որ մենք երկիրը կառուցում ենք հյուրերի կամ զբոսաշրջիկների համար, բայց նույն զբոսաշրջիկը, եթե գա՝ տեսնի այդ միջնադարյան գոհարը... Չի կարելի Սաղմոսավանքում դեկորատիվ ծառեր տնկել՝ ուղիղ շարքով, դա ինչ-որ մեկի մասնավոր պուրակը կամ տնամերձը չէ: Չի կարելի Սաղմոսավանքում վերականգնումից հետո համապատասխան արձանագրությունը գրել «Իշխան» տառատեսակով, երբ մենք ունենք միջնադարյան գրերի փայլուն օրինակներ»:


Սրանք, ըստ ճարտարապետի, մանրուքներ են, որոնք որակ են ստեղծում, ընդհանուր մթնոլորտ:


Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի հնարավոր քանդմանը, նախկին Երիտասարդական պալատը քանդելուն, որոնք երկուսն էլ խորհրդային պոստմոդեռնիզմի նմուշներ են, ճարտարապետը նշեց. «Չի կարելի ճարտարապետական հուշարձան քանդել մեկ պարզ պատճառով. օդանավակայանից հետո մենք քանի՞ շենք ենք կառուցել, որոնք կարող են համեմատվել նրա հետ, 20 տարվա ընթացքում մենք կառուցե՞լ ենք այդպիսի որակով շենք: Օրինակ են բերում, այո, քանդում են, բայց կառուցում են լավը, ապացուցում են, որ կարող են կառուցել»: