Թող մարդիկ գան ուտեն-խմեն, բայց հուշարձանից դուրս, հենա լիքը տարածքներ կան, լավ էլ խոտ է աճում. Գալուստ Սահակյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ է Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցմանը։ Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչու են իշխանություններին այդքան խանգարում պատմամշակութային հուշարձանները, և Փակ շուկայից հետո արդեն անցել են Գառնու տաճարին՝ թույլատրելով այնտեղ սրճարան կառուցել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իհարկե դեմ եմ, ես կարծում եմ, որ ընդհանրապես չի կարելի այնտեղ որևիցե բան անել, որովհետև նախ դեռևս ուսումնասիրված չէ տաճարի շրջակայքը, բացի դրանից դարեր շարունակ մնացել է, և հիմա մեկը ուզում է բիզնես անի...»։
Դիտարկմանը, թե միայն ինչ-որ մեկը չէ, այլ նաև Մշակույթի նախարարությունը, և նախարար Հասմիկ Պողոսյանը, ով արդեն իսկ հավանության է տվել նախագծին՝ նշելով, թե բա մարդիկ չգա՞ն՝ ուտեն-խմեն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կողմնակից եմ, թող մարդիկ գան՝ ուտեն, խմեն, բայց հուշարձանից դուրս: Հենա լիքը տարածքներ կան, թող գան՝ ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտ ա աճում»։
Հարցին, թե ՀՀԿ-ականը չի՞ ցանկանում նույնը ասել նաև նախարարին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես այդ հարցը չեմ քննարկել, բայց իհարկե կարող եմ ասել։ Ես դեռ պետք է էությունը իմանամ՝ ինչ է, փորձեմ ինչ-որ ձևով լուծել, դրա համար ես կողմնակից եմ, որ նման բաներ չկատարվի»։










