Գառնու տաճարի պարիսպներից ներս ոչինչ չի կարելի կառուցել, դա Տրդատն է կառուցել. քննարկում

13:10 • 06.03.14

Գառնիի հեթանոսական տաճարի պարիսպներից ներս սրճարան կառուցել չի կարելի, դա մեր թագավորների սեփականությունն է, հայոց արժանապատվությունը, դա Տրդատ թագավորն է կառուցել, որի «բերդը անսասան է», այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նկարիչ Սուրեն Խորենյանը:


«Բերդ է եղել Գառնին և ներս անցնելուց հետո միշտ էսպես մտովի պատկերացրել եմ ... և դա Տրդատն էր կառուցել, բերդը պետք է միշտ անսասան լինի»,- ասաց նկարիչը:


Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ եթե Ռուսաստանում «մի հատ մատուռ, մի հատ քարի կտոր» են գտնում, որը պատմամշակութային արժեք է ներկայացնում, ապա քարոզում են դրա մասին և դրանց մոտենում են որպես սրբավայրերի՝ կոշիկներ են հանում: Նրա խոսքով՝ մշակութային հուշարձանների նկատմամբ նման վերաբերմունքը պետք է նաև մեզ՝ հայերիս: «Դա սեփականությունն է մեր թագավորների»,- նշեց մտավորականը:


Հիշեցնենք, որ մի խումբ ակտիվիստներ ի նշան բողոքի մարտի 2-ին Գառնիի մոտ ընթացող շինարարության համար այդտեղ բերված ավազից լցրել էին պարկերը և բերել Երևան և թողել Մշակույթի նախարարության մոտ:


Ի պատասխան հարցի, թե ինչու չեն մտավորականներով Մշակույթի նախարարությանը ստիպում, պահանջում հատուկ վերաբերմունք նման հուշակոթողների նկատմամբ, հանդիպմանը ներկա ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հայտարարեց. «Մենք իրենցից ի՞նչ պատասխան ակնկալենք, եթե նախարարության մեջ մշակույթից հասկացող մարդ չկա: Կամ եթե կա՝ նա ուղղակի ձայնազուրկ է»:


Հիշեցնենք, որ հենց նախարարության գիտամեթոդական խորհուրդն է հավանություն տվել Գառնու տաճարի հարևանությամբ սրճարանի շինարարության նախագծին:


«Եթե նախարարը լիներ նախարար, ապա խորհուրդը պետք է ցրեր: Ծածկած շուկայի պատմությունից հետո նախարարը պետք է հրաժարական տար, իր ոլորտն էր, որի համար պայքարում էր ու խայտառակ եղավ: Բայց եթե նա դուրս գար, ապա դա կլիներ ապտակ Կառավարությանը: Ինչո՞ւ չարեց, որովհետև մտավորական չէ»,- ավելացրեց Սաշուր Քալաշյանը:


Նրա ամփոփմամբ՝ մշակույթի նկատմամբ նման վերաբերմունք ունեցող պետության մեջ ո՛չ Մշակույթի նախարարություն է պետք, ո՛չ էլ մեկ այլ նախարարություն, կարելի է «մի հատ բիզնես նախարարություն»:


Ամփոփելով՝ Սաշուր Քալաշյանն ասաց, որ ինքը չի հիշում նորանկախ Հայաստանի պատմության մեջ որևէ դեպք, երբ պետությունը միջամտել է և հուշարձանը պահպանվել է: Բացառությամբ այն դեպքի, երբ Նախագահ Սերժ Սարգսյանը գնաց Մաշտոցի պուրակ ու ասաց՝ Տարո՛ն ջան, սիրուն չէ: Ուրիշ դեպք նա ասաց, որ չի հիշում: