Պատրիսիա Կաասի համերգով Հայաստանում կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր համերգասրահում մարտի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի կունենա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ARARAT կոնյակների աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից կազմակերպված հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասի համերգը` որպես Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի գալա համերգ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Երկամսյակի պաշտոնական մեկնարկը կազդարարվի մարտի 10-ին ժամը 12:30-ին ՀՀ ԱԳՆ-ում կայանալիք մամուլի ասուլիսով: Ասուլիսի բանախոսներն են լինելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Գասսերը: Ասուլիսին ներկա կգտնվի նաև Պատրիսիա Կաասը:
Մարտի 9-ից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ողջ Հայաստանում տեղի կունենան ֆրանկոֆոն մշակութային, գեղարվեստական, բուհական և դպրոցական ավելի քան 400 միջոցառումներ:
ՀՀ ԱԳ նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս տոնակատարության կազմակերպման աշխատանքներում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ՀՀ պետական կառույցները` ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները:
Երկամսյակի կազմակերպման գործում իրենց զգալի ներդրումն են ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լիբանանի և Լիտվայի դեսպանությունները:










