Ոսկե արձանիկի փոխարեն չուգունե. Չելյաբինսկի թատրոնը Դի Կապրիոյին չուգունե արձանիկ է նվիրել ու պատվավոր արտիստի կոչում շնորհել
Չելյաբինսկի կամերային թատրոնը հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին պատվավոր արտիստի կոչում է շնորհել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով թատրոնի հասարակայնության հետ կապերի տնօրեն Յուրի Սիչովին։
Նրա խոսքով՝ այդպիսով Չելյաբինսկի բնակիչները որոշել են աջակցել դերասանին, ով օրերս կայացած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հերթական անգամ ոչ մի մրցանակի չի արժանացել։
Պատվավոր արտիստի կոչումը թույլ կտա Դի Կապրիոյին անվճար այցելել թատրոնի բոլոր ներկայացումներին և օգտագործել նրա անունն իր գովազդային արշավներում, նշել է Սիչովը։
«Բացի այդ, մենք ուրախ կլինեինք տեսնել նրան մեր ներկայացումներից մեկում։ Անձամբ ես կարծում եմ, որ Դի Կապրիոն պարզապես ստեղծված է «Գերեվարված հոգիներ» ներկայացման մեջ դերի համար։ Դա պատմություն է Ալեքսանդր Բլոկի, Անդրեյ Բելիյի և Մենդելևների ընտանիքի փոխհարաբերությունների մասին»,- ասել է Սիչովը։
Թատրոնն արդեն տեղեկացրել է դերասանին պատվավոր արտիստի կոչմանն արժանացնելու մասին Twitter-ի, նրա գործակալների և Հոլիվուդում ընդհանուր ծանոթների միջոցով։ Թատրոնի կոլեկտիվը որոշել է նաև Դի Կապրիոյին «Օսկար» հիշեցնող չուգունե արձանիկ նվիրել։










