Ռուսաստանում ցանկանում են արգելել «Բումբոքս» խմբի մուտքը երկիր
Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը համոզված է, որ չի կարելի Ռուսաստանի տարածք թողնել խմբերի, որոնք սատարում են Ուկրաինայի նոր իշխանություններին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով izvestia.ru-ին:
Պատգամավորը հանդես է եկել Մոսկվայում ուկրաինական «Բումբոքս» խմբի համերգի դեմ, քանի որ խմբի առաջատար Անդրեյ Խլիվնյուկը բացահայտորեն սատարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հակառակորդներին և բոլորին, ովքեր դուրս են եկել Մայդան:
Վիտալի Միլոնովը ենթադրում է, որ անհրաժեշտ է կրկնօրինակել արևմտյան գործընկերների փորձը և թույլ չտալ երաժիշտներին՝ «Եվրամայդանի» աջակիցներին Ռուսաստան։ «Պետք է առանց ավելորդ պաթոսի, առանց ավելորդ անուղղակի գովազդի տղաներին հետ ուղարկել՝ իրենց պայուսակներով, նրբաթիթեղի մեջ հավով և եփած ձվերով, և հետ ուղարկել առանց պատճառները բացատրելու՝ ելնելով երկրի ազգային շահերից»,- ասել է նա:
«Բումբոքս» խմբի ներկայացուցիչները պատմել են թերթին, որ չնայած ռուսական և ներկայիս ուկրաինական իշխանությունների հարաբերությունների դժվարություններին, խումբը, միևնույն է, կայցելի Մոսկվա:










