«Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց». Վրաստանում հայ արտիստին նվիրված հուշ-երեկո տեղի կունենա
Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում մարտի 11-ին կկայանա հուշ-երեկո՝ «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով, տեղեկացնում է Грузия online-ը։
Երեկոն կազմակերպվել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան, «Կովկասի տուն» մշակութային համագործակցության կենտրոնի և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի շնորհիվ։
Հավիտենական է խորհրդային հայ դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակը, որի արվեստը կամուրջ է դարձել հայ և վրացի ժողովուրդների մշակույթի, հումորի և բարեկամության համար։ Այդ պատճառով էլ դերասանի մահվանից 20 տարի անց որոշվել է կազմակերպել այս միջոցառումը։
Հուշ երեկոյի ծրագրում դերասանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսն է (առաջին անգամ Վրաստանում), յուրահատուկ ֆոտո-ցուցահանդես, ինչպես նաև Գեորգի Դանելիայի, Ռևազ Գաբրիաձեի, Վախթանգ Կիկաբիձեի տեսանյութի տեսքով հիշողությունները, որոնք տեսագրվել են հատուկ այդ երեկոյի համար, կոլաժ՝ նրա մասնակցությամբ տարբեր ֆիլմերից։










