«ԱԻՆ-911». գեղարվեստական նոր հեռուստաֆիլմաշար՝ Առաջին ալիքի եթերում

17:42 • 10.03.14

Առաջին ալիքը հեռուստադիտողներին է ներկայացնում տեղական արտադրության կարճ ֆիլմաշարեր: «Հատուկ բաժին», «Մեր գյուղը», «Շտապօգնություն 3D» հեռուստաֆիլմաշարերի շարքը համալրելու է եկել «ԱԻՆ-911»-ը, որի առաջին մասը Հանրայինի եթերում կլինի այսօր՝ 22:00-ին, այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի մամուլի ծառայությունը:


Նոր ֆիլմաշարը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (աշխատակիցների, փրկարարների, առանձին գումարտակների ու ենթակայանի, ինչպես նաև ղեկավար անձնակազմի և ընդհանուր առմամբ ողջ անձնակազմի) աշխատանքի բարդ ու ծանր բնույթը:


Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև աշխատակիցների ապրումներին և վերապրումներին, անձնական հոգեբանական խնդիրներին, ինչպես նաև միջանձնային հարաբերություններին:


Ընդհանուր առմամբ, փորձ է արվել ցույց տալու Արտակարգ իրավիճակների նախարարության ողջ համակարգի մանրամասնությունները, հանդիսատեսին ամենաշատը հետաքրքրող պահերը և, ամենակարևորը, ֆիլմի գլխավոր հերոսների կերպարներով փորձ է արվում ցույց տալ այդ մարդկանց անձնվեր և հերոսական արարքները, նվիրվածությունն իրենց աշխատանքին և մարդկային բարձր հատկանիշները:
 

Ֆիլմաշարում բարձրացվում է նաև սոցիալական խնդիր, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը աշխատանքային ոլորտ:


Ցույց է տրվում այն իրականությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ոչ միայն կարող են աշխատունակ լինել, այլև ավելին՝ կարող են փրկել: (ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համազգեստների վրա գրվում է ՓՐԿԱՐԱՐ):


Սցենարն իրական դեպքերի հիման վրա է գրված: Բոլոր կերպարները մարմնավորել են դերասանները, բայց նրանց կողքին իսկական փրկարարներ են եղել, ովքեր ապահովել են թե´ դերասանների և թե´ նկարահանող խմբի անվտանգությունը:
Ֆիլմաշարն Առաջին ալիքի եթերում կլինի մարտի 10-ից՝ երկուշաբթիից հինգշաբթի 22:00-ին:


Ֆիլմի գլխավոր հերոսների դերակատարներն են


Անի Երանյան
Սուրեն Թումասյան
Սուրեն Փահլևանյան
Համլետ Համբարձումյան
Անդրանիկ Ղազարյան
Արփինե Իսրայելյան


Ֆիլմի ռեժիսոր՝ Ելենա Արշակյան,
Սցենարի հեղինակ՝ Անահիտ Մխիթարյանը