Թբիլիսիում չեղյալ են համարել Բեզռուկովի թատրոնի շրջագայությունները՝ Ղրիմի հարցում նրա դիրքորոշման պատճառով
Թբիլիսիում պլանավորված Սերգեյ Բեզռուկովի թատրոնի ներկայացումը չեղյալ է համարվել՝ «Ղրիմի օկուպացիային աջակցություն հայտնելու պատճառով»: Այդ մասին հայտարարում է Վրաստանի մշակույթի պալատը, հաղորդում է Грузия Online-ը:
«Երբեք Վրաստան չեմ բերի ոչ մի դերասանի, ով մեր երկրի առաջ հակաժողովրդավարական որոշում կկայացնի: Դա նույնն է, ինչ աջակցություն հայտնել Աբխազիայի և Ցխինվալի շրջանի օկուպացիային»,- հայտարարել է Մշակույթի պալատի նախագահ Դավիդ Օկիտաշվիլին:
Իսկ պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Այսօր տարածված ՌԴ արտիստների նամակի առնչությամբ, որոնք աջակցում են նախագահ Վլադիմիր Պուտինին հարևան Ուկրաինայի տարածքի օկուպացիայի հարցում, Վրաստանի մշակույթի պալատը որոշում է կայացրել չեղյալ համարել Թբիլիսիում մայիսին պլանավորված Սերգեյ Բեզռուկովի թատրոնի շրջագայությունները: Մենք ևս մեկ անգամ ցանկանում ենք հայտարարել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և մեր բարեկամ ուկրաինացի հերոս ժողովրդին աջակցության մասին»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արվեստի ու մշակույթի 86 ռուսաստանցի գործիչներ, այդ թվում՝ Կարեն Շահնազարովը, իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայում և Ղրիմում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը:










