Թբիլիսիում Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել (լուսանկարներ)

15:34 • 12.03.14

Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում մարտի 11–ին անցկացվել է նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո: Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։

«Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով այս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից և աջակցությամբ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հայտնի կատակերգու, կինոյի և թատրոնի մեծ վարպետ Ֆրունզե Մկրտչյանին սիրում և գնահատում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում և մասնավորապես՝ Վրաստանում, ու պատահական չէ, որ նրա մահից 20 տարի անց հենց Թբիլիսիում, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի անմիջական ջանքերով կազմակերպվել և անցկացվել է նրա հիշատակին նվիրված միջոցառում:
 


Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել դեսպան Հովհաննես Մանուկյանը. «Ընդամենը վերջերս՝ դեկտեմբերի 29-ին, լրացավ 20 տարին, ինչ Ֆրունզե Մկրտչյանը մեզ հետ չէ: Բայց նրա մեծ տաղանդի և խաղացած փայլուն դերերի շնորհիվ Ֆրունզե Մկրտչյանը միշտ կմնա մեր սրտերում: Մեծ տաղանդի շնորհիվ Ֆրունզեն անկրկնելի Վախթանգ Կիկաբիձեի հետ միասին «Միմինո» ֆիլմում կարողացավ ցուցադրել հայ-վրացական ընկերության և բարեկամության էտալոնը: Այդ առումով Ֆրունզե Մկրտչյանը լիարժեք կարող է համարվել Հայաստանի մշակութային, ավելին՝ ժողովրդական դեսպանը մեր բարեկամ Վրաստանում»:

Բացման խոսքով հանդես եկավ և երեկոյի հյուրերին ողջունեց նաև Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, ով խոսեց հայ-վրացական դարավոր եղբայրության և բարեկամության մասին՝ միաժամանակ հայտնելով իր ակնածանքը և սերը դերասանի և նրա արվեստի հանդեպ:


Վրաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Երմուխամետ Երթսբաեվը ասել է. «Երբ մարդը հանճարեղ արտիստ է, նա ազգային պատկանելություն չունի: Ինչպես դերասանն էր ասում, կյանքում ամեն բան անցողիկ է, միայն արվեստն է, որ անմահ է»։
 


Հրավիրվածներին ներկայացվել են «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիայի, «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերի սցենարի հեղնիակ Ռևազ Գաբրիաձեի և «Միմինո» ֆիլմում Ֆրունզե Մկրտչյանի խաղընկեր Վախթանգ Կիկաբիձեի՝ հատուկ այդ երեկոյի համար տեսագրված ողջույնի խոսքերը՝ համեմված մեծանուն հայ դերասանի հետ առնչվող հետաքրքիր և հումորային հիշողություններով: Ներկայացվել են վիդեո-կադրեր՝ «Միմինո», «Մի վշտանա», «Զինվորն ու փիղը» և «Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմերից: Միաժամանակ կազմակերպվել էր Մհեր Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որն առաջին անգամ էր ցուցադրվում Վրաստանում և դերասանի նկարների եզակի ֆոտո-շարքի ցուցադրությունը:

Միջոցառման համերգային մասում հանդես է եկել «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը: Երաժշտական կատարումներով հանդես են եկել Թբիլիսիի պետական համալսարանի «Համալսարան» վոկալային անսամբլը, «Հայաստանի Ձայն» մրցույթի հաղթող Աննա Խանչալյանը, վրաց երգիչ Դավիթ Պատարիձեն, թբիլիսահայ անհատ կատարողներ Նինա Կարապետյանը, Էմմա Պողոսյանը և Հովհաննես Շահնազարյանը:
 


Հուշ երեկոյի ավարտին Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տան տնօրեն Ժաննա Դավթյանը, հանդիսատեսի հետ կիսվելով Մհեր Մկրտչյանի վերաբերյալ ունեցած իր հիշողություններով, բեմ է դուրս բերել տիկնիկագործ Գարի Դավթյանի՝ դերասանի նմանությամբ պատրաստած տիկնիկը:

Հուշ-երեկոյին մասնակցել են Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը, վրաց հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: