Լևոն Մելիք-Շահնազարյանի գրքում հրապարակվել են Ադրբեջանի գաղտնի փաստաթղթեր Արցախյան պատերազմի մասին
Լույս է տեսել քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի «Агрессия Азербайджанской республики очертила границы» (Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան գծեց սահմանները) գիրքը, որտեղ տեղ են գտել Արցախի հերոսամարտի դեռ առաջին ամիսներին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կնքված գաղտնի փաստաթղթերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գիրքը ներկայացրեց հեղինակը և նշեց, որ դրանցով ևս ապացուցվում է, որ պատերազմը սկսել է ոչ թե Հայաստանը, այլ հենց Ադրբեջանը:
«Դեռ պատերազմի ժամանակ մեր հետախուզական աշխատանքների շնորհիվ ձեռք էինք բերել այս փաստաթղթերը, բայց հետո կորցրել: Ահա նորից արխիվից գտել ենք այս փաստաթղթերը: Այսօր Ադրբեջանը ներկայացնում է, թե Հայաստանը դիմել է ագրեսիայի ու գրավել իր տարածքները: Իրականում այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ իրենք են սկսել ամեն ինչ, փորձել են ցեղասպանություն իրականացրել հայերի նկատմամբ»,-ասաց նա:
Լևոն Մելիք Շահնազարյանն ընդգծեց, որ իր համար հատկապես կարևոր են երկու փաստաթղթեր: Նա նշեց, որ դրանցից մեկում Ադրբեջանի այդ օրերի ԿԳԲ-ի պետը երկրի պետքարտուղարին հորդորում է փակել Արցախի ու Հայաստանի միջև սահմանը, որպեսզի այնտեղ գործողություններ սկսելուց հետո Հայաստանը չկարողանա օգնության հասնել:
«Սա ապացուցում է, որ ագրեսորը Ադրբեջանն է։ Ես գիրքն արդեն ուղարկել եմ Արտգործնախարարություն և հուսամ, որ այն կդրվի բանակցային սեղանին: Գիրքը ուղարկել եմ Ռուսաստանի տարբեր հետազոտությունների ինստիտուտներ, Եվրախորհրդարան և առաջիկայում կուղարկեմ ԱՄՆ»,-ասաց նա:
Գիրքը լույս է տեսել 800 տպաքանակով և դրված չէ վաճառքի:










