Տիգրան Չորրորդի և Արարատի պատկերով մետաղադրամը վաճառքի է հանվել բրիտանական աճուրդում

12:08 • 13.03.14

Հին մետաղադրամների Roma Numismatics Limited բրիտանական առաջատար աճուրդում վաճառքի է հանվել հին հայկական մետաղադրամ. օնլայն աճուրդին կարելի է հետևել կայքում:

 

775 վաճառանմուշով ներկայացված մետաղադրամին կից բնորոշման մեջ նշվում է, որ պատկերված են հայոց արքա Տիգրան Չորրորդը, նրա քույր Էրատո թագուհին և Արարատ լեռան պատկերը:

Նշվում է, որ Արարատը՝ իր զույգ գագաթներով, այնպիսին է, ինչպիսին տեսանելի է եղել նրանց մայրաքաղաք Արտաշատից:  Այս մետաղադրամը հայտնաբերվել է 1978-ին։ Սկզբում, սակայն, կարծիք է եղել, թե դրանում պատկերված է Տիգրան Մեծը մ.թ.ա 93-ին Կապադովկիան գրավելուց հետո: Այժմ դրամի վրայի գրությունը վերծանվել է իբրև «Կեսարի բարեկամ», ըստ այդմ էլ՝ վերագրում է արվել:

 

Մետաղադրամը վաճառքում կլինի ևս 9 օր՝ մինչև մարտի 22-ը: Վաճառքի արժեքը սահմանված է 1000 ֆունտ ստերլինգ: Այժմ դրա համար առաջարկվել է 850 ֆունտ:

 

Տիգրան Չորրորդը Արտաշեսյան հարստության վերջին թագավորն էր, Հայաստանը կառավարել է մ.թ.ա 8-ից մինչև մ.թ 1-ը՝ ընդհատումներով՝ Էրատո թագուհու հետ: