Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
Այսօր հայ մեծ պոետ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է. նա ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Պարսկաստանի Մակու քաղաքում։ 1883թ. նրա հայրը՝ Աբգար աղան, տեղափոխվում է Կարս, որի ռեալական դպրոցում պատանի Չարենցը սովորում է 1908-12թթ.:
1912թ. Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: 1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:
1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Չարենցը 1915թ. ստեղծված հայկական կամավորական առաջին ջոկատներում մասնակցում է մի շարք մարտական գործողությունների:
1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի պատվավոր նախագահն էր Նիկոլ Աղբալյանը, ով գրական երեկոներից մեկի ժամանակ հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը:
1925թ. հուլիսին Չարենցը Երևանում աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և թեթևակի վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը (բանտում):
1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:
1930-ական թթ. համատարած էին հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը, ում 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները՝ նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանություն։
Գրադարաններից և գրախանութներից հավաքում են Չարենցի գրքերը: Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին: Մեծ բանաստեղծի գերեզմանն անհայտ է:
Ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Առաքողը Եղիշե Չարենցի դերը հայ գրականության ներկայում ու ապագայում գնահատել է հետևյալ խոսքերով. «Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը»:
Եղիշե Չարենցի կենսագրականը վերցված է Wikipedia–ից։
Tert.am –ը ներկայացնում է Եղիշե Չարենցի «Հարդագողի ճամփորդները» բանաստեղծությունը:
Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ – ու հավիտյան երազել:
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական –
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարեւ, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ –
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում –
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,-
Բայց աչքերը մեր – արեւներ չտեսան,
Եվ մեր սրտերը – լուսավոր հեռուներ:
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում – արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն – հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու –
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի…
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն –
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ –
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք…










