Ժամանակն է, որ Չարենցին ամբողջական ճանաչենք՝ իր բոլոր դրսևորումներով. Դավիթ Գասպարյան

12:07 • 13.03.14

Ըստ գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանի՝ այսօր պոեզիայի և գրականության մեծ տոն է, քանի որ բացի նրանից, որ այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է, այս տարի լրանում է նաև Չարենցի առաջին՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուի 100 ամյակը։


Եղիշե Չարենցի ծննդյան օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին չարենցագետն ասաց, թե ժամանակն է, որ մենք Չարենցին ամբողջական ճանաչենք՝ իր բոլոր դրսևորումներով։


«Չարենցագիտությունը քնած չէ, լուրջ ձեռնարկներ է անում։ Թերևս չկա որևէ այլ հեղինակ, որ հանրությանն այնքան հետաքրքրություն ներկայացնի, որքան Չարենցը»,- նշեց Դավիթ Գասպարյանն՝ ավելացնելով, թե Չարենցը Վարուժանի ասածի պես՝ սիրում էր լարերը փոխել. անընդհատ փոփոխական էր։


Գրականագետի համար շատ թանկ են հատկապես Չարենցի վերջին շրջանի սիրային բանաստեղծությունները։


«Ցավով եմ ասում, բայց Չարենցին մակերեսորեն գիտեն, այնքան՝ ինչքան գիտեն դպրոցից։ Բայց Չարենցն ավելի խորն է։ Այդպիսին են նաև մի քանի, այսպես կոչված, չարենցագետներ. նրանք Չարենցին են հարմարեցնում իրենց»,- նկատեց Դավիթ Գասպարյանը՝ ասելով, թե Չարենցը հետաքրքիր տող ունի. «Մենք շատ ենք անփույթ մեր հանճարի հանդեպ»։


Գրականագետի հավաստմամբ՝ այսօր գրական անդաստանում չենք գտնի որևէ այլ հեղինակի, որն այդքան կենդանի ստեղծագործեր։ Նրա խոսքով՝ Չարենցը որքան դեպի Աստված էր գնում, այնքան էլ նա խորն էր՝ դեպի հողը, դեպի արմատները։


Որքանո՞վ են այսօր Չարենցին ուսումնասիրում կրթական հաստատություններում հարցին, Դավիթ Գասպարյանը պատասխանեց, թե դեռևս դեպի Չարենց բերող ճանապարհը կանաչ է. ուսանողները և աշակերտները գնում են Չարենց հեղինակի հետևից։


«Չարենցն այնքան սխրանքի պատրաստ էր պատանի տարիներին, որ ընդամենը 17 տարեկան հասակում Կարսի նման կորած և փոշոտ քաղաքում կարողացավ գիրք հրապարակել, նա գիտեր գրքի արժեքը»,- եզրափակեց չարենցագետ Դավիթ Գասպարյանը։