«Գիրք մնացորդաց»-ը կալանքի տակ չէ, այն ի պահ է տրված Չարենցի թանգարանին. Գոհար Չարենց (տեսանյութ)
«Գիրք մնացորդաց» գրքի տպաքանակը, որտեղ տպագրված են Եղիշե Չարենցի ինտիմ բնույթի բանաստեղծությունները, Չարենցի տուն-թանգարանում կալանքի ենթարկված վիճակում է: Այս մասին լրագրողներին ասաց չարենցագետ Դավիթ Գասպարյանը՝ հավելելով, որ իր գործը գիրքը կազմել, հրատարակելն էր, ինչն էլ ինքն արել է:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, հանկարծ Չարենցը գլուխը գերեզմանից բարձրացնի ու տեսնի, որ իր գիրքը կալանավորված է իր տանը՝ իր աղջկա ձեռամբ: Ամո՛թ է: Ես չեմ ուզում շատ խորանալ այս հարցով»,- ասաց Դավիթ Գասպարյանը:
Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե Դավիթ Գասպարյանն ամեն ինչ կարող է ասել: «Այդ տպաքանակը կալանքի տակ չէ, այն ի պահ է տրված Չարենցի թանգարանին, որովհետև ինչպես այդ գրքի առաջաբանը, այնպես էլ՝ ամբողջ գիրքը բազմաթիվ սխալներով է կազմված: Իսկ առաջաբանն ուղղակի նողկալի է»,-ասաց Չարենցի թոռնուհին՝ ավելացնելով, թե Դավիթ Գասպարյանը գրքի առաջաբանում փնովում է մեր մեծերին. «Ո´չ միայն Չարենցին, այլ նաև՝ Ռեգինա Ղազարյանին, Իսահակյանին, Գևորգ Էմինին: Այդ պատճառով և այդ առաջաբանով հնարավոր չէր վաճառքի թողնել այդ գիրքը»,-ասաց Գոհար Չարենցը:
Դիտարկմանը, թե Եղիշե Չարենցի դուստրը՝ Անահիտ Չարենցն էլ ասել է, որ եթե Չարենցը տեսներ այդ գիրքը, կնեղանար, Դավիթ Գասպարյանը պատասխանեց. «Չէր նեղանա, Չարենցն իր գրածից ո՞նց կնեղանար: Ինչ վերաբերում է ներածական հատվածին, ապա եթե մի բան իրենց դուր չի եկել, թող բանավիճեն, քննարկեն: Ես պաշտպանում եմ ներածականը ոտքից գլուխ: Այնտեղ հանճարեղ բաներ են գրված»:
Գոհար Չարենցի խոսքով՝ իրենք դեմ են այդ գրքին, քանի որ այն ո´չ միայն Չարենցի հեղինակային իրավունքների խախտում է, այլև գրված է սխալներով:
«Մշակույթի նախարարությունն արգելեց գիրքը, հիմա այն թանգարանում է և այնտեղ էլ կպահվի»,-ասաց Չարենցի թոռնուհին:
)










